Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը. Բակո Սահակյան

22:16 • 31.12.13

Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դա անձնական, ընտանեկան, պետական թե համազգային: Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ամանորյա ուղերձում: 

 

«Սիրելի արցախցիներ,
Թանկագին հայրենակիցներ,

 

Ահա և մենք հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին և պատրաստվում դիմավորել Նոր տարին, դիմավորել նոր սպասումներով ու հույսերով:

 

Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դրանք անձնական, ընտանեկան, պետական թե համազգային:

 

Անցնող տարում մեր ժողովուրդը շարունակել է իր ստեղծարար աշխատանքը, գրանցել նոր հաջողություններ, էլ ավելի ամրապնդել Հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Ձեր յուրաքանչյուրի աշխատանքի շնորհիվ առաջընթաց ապրեցին տնտեսության տարբեր ճյուղերը, շահագործման հանձնվեցին կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ, մեկնարկ տրվեց ռազմավարական մի շարք ծրագրերի:

 

2013 թվականը եղել է նաեւ հոբելյանական տարի: Ազգովի տոնեցինք Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը:

 

Իհարկե, եղել են նաեւ դժվարություններ ու բացթողումներ, դեռևս մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ:

 

Դժբախտաբար, ունեցել ենք նաեւ անդառնալի կորուստներ, մեր պետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհվել են քաջ հայորդիներ, ում հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

 

Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. մենք հաստատակամ ենք և կշարունակենք անել հնարավորը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման, մեր բնակչության կենսապայմանների բարելավման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման ուղղությամբ: Այս ամենին հասնելու համար պետք է աշխատենք ավելի ջանասիրաբար, միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում: Դա է մեր առաջընթացի ամենահուսալի գրավականը եւ բնականոն զարգացման հիմքը:

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Տոնական այս օրը ուզում եմ առաջին հերթին հիշել մեր զոհված ընկերներին և շնորհավորել նրանց ընտանիքների Նոր տարին: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

 

Ուզում եմ շնորհավորել ներկա պահին դիրքերում և խրամատներում հարազատ երկրի անդորրը հսկող շարքային զինծառայողներին ու հրամանատարներին, մեր հերոսական բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց անփորձանք ծառայություն:

 

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, ցանկանում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ: Թող 2014 թվականը միայն ուրախություն ու լիություն բերի բոլորի ընտանիքներին:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: