Սկանդալ Ճապոնիայում. վթարային «Ֆուկուսիմա» ատոմակայանում աշխատանքի են վերցնում անօթևաններին
Ճապոնիայում շարունակում է թափ հավաքել նոր սկանդալը, որը վերաբերում է վթարային «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում սոցիալապես անապահով անօթևանններին որպես աշխատուժ օգտագործելուն։
Ինչպես հայտնում է rosbalt.ru կայքը, պարզվել է, որ ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերությունն այդ մարդկանց աշխատանքի է վերցրել «Ֆուկուսիմա 1-ում» վտանգավոր ռադիոակտիվ թափոնները մաքրելու համար։
Անօթևաններից շատերը ատոմակայանում աշխատելու ընթացքում բնակվել են դրա հարևանությամբ գտնվող հանրակացարանում՝ պատկերացում անգամ չունենալով, թե իրենց առողջությանն ինչ վտանգ է սպառնում։
Բացի այդ հայտնի է դարձել, որ սոցիալապես անապահով խավի որոշ ներկայացուցիչներ շատ քիչ են վարձատրվել իրենց աշխատանքի դիմաց և դեռ մի բան էլ պարտք են մնացել TEPCO-ին՝ տրամադրված կացարանի ու սննդի դիմաց։
Հիշեցնենք, որ 2011թ. մարտին տեղի ունեցած հզոր երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի պատճառով «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը լուրջ վթարի է ենթակվել, ինչի հետևանքով տարհանվել է 320.000 մարդ, իսկ ճառագայթման մակարդակն այդ տարածքում շարունակում է գերազանցել նորման։










