Աջափնյակի 16 թաղամասի 23 շենքի բնակիչները Նոր տարին կդիմավորեն առանց լույսի. հին մալուխների հրդեհից շենքը հոսանքազրկվել է
Աջափնյակի 16 թաղամասի 23 շենքի բնակիչները Նոր տարին կդիմավորեն առանց էլեկտրաէներգիայի: Այսօր՝ ժամեր առաջ շենքի աղբատարում բռնկված հրդեհից այրվել են շենքի հոսանքալարերը։ Այս պահին շենքը հոսանքազրկված է և հայտնի չէ, թե երբ բնակարանները էլեկտրաէներգիա կունենան։ Այս մասին Tert.am-ին ասաց բնակիչներից Մարիամ Հովհաննիսյանը, ով նշեց, որ շենքը նաև գազաֆիկացված չէ։
Նա պատմեց, որ ընդամենը երկու օր առաջ նույն շենքի 2-րդ հարկում էր կարճ միացում եղել և ավելացրեց, որ հատկապես Ամանորին, երբ հոսանքի օգտագործումն ավելանում է և գծերը ծանրաբեռնվում են, շենքը պարբերաբար հոսանքազրկվում է։
«Ամեն տարի Ամանորից առաջ նման խնդիրները բնակիչները ունենում են, քանի որ հոսանքալարերը մաշված են։ Հիմա մենք ստիպված ենք տոնը դիմավորել մթի և ցրտի մեջ։ Այդքան վճարում ենք էլեկտրաէներգիայի դիմաց, մի՞թե հնարավոր չէ ի վերջո փոխել հին մալուխները»,-բարկացած նշեց նա։












