Կին քաղաքական գործիչները` Ամանորին պատրաստվելիս
Եվս մի քանի ժամ և հրաժեշտ կտանք 2013 թվականին: Հայաստանյան ընտանիքներում Նոր տարվա տոնակատարությունների անբաժանելի մասն է առատ և հարուստ տարվա խորհրդանիշ ամանորյա տոնական սեղանը: Այս կապակցությամբ Tert.am-ը զրուցել է կին պատգամավորների հետ՝ տեղեկանալու, թե նրանք ինչպիսի՞ մասնակցություն են ունենում տոնական սեղանի պատրաստման գործում:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես իհա՛րկե, լինում եմ խոհանոցում, ինչպես մեր ամենօրյա կերակուրներն եմ ես պատրաստում, այնպես էլ՝ ամանորյա ուտեստները»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Նոր տարվա կերակուրները պատրաստելու հարցում իրեն միշտ դուստրն է օգնել, սակայն այս տարի նա ամուսնացել է, և տիկին Աճեմյանը Նոր տարին դիմավորելու է ամուսնու հետ:
«Ամեն ինչ համարյա ես եմ անում, և անում եմ մեծ հաճույքով: Շատ չեմ ծանրաբեռնում մեր սեղանը, որովհետև սիրում եմ ավելի շատ քաղցրեղենի սեղան՝ չրերով, մրգերով, թխվածքներով: Իսկ ուտելիքը միշտ թարմ եմ պատրաստում, և դա անում եմ մեծ հաճույքով և արագ»,-ասաց Կարինե Աճեմյանը՝ ավելացնելով,-«Նոր տարուն պարտադիր հնդկահավ եմ պատրաստում մայրիկիս բաղադրատոմսով, կան աղցաններ, որոնք էլի միշտ պատրաստում եմ, խնձորով խմորեղեն են պատրաստում, սրանք պարտադիր լինում են մեր ամանորյա սեղանին»:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ռուզաննա Մուրադյանը նույնպես, ամանորյա սեղանի համար ամեն ինչ պատրաստում է իր ձեռքով:
«Տավարի ֆիլե եմ պատրաստում՝ եփում եմ տարբեր համեմունքներով, որից հետո դնում եմ փուռը և կարմրեցնում: Հնդկահավը ևս պատրաստում եմ նույն եղանակով: Դրանք շատ հարմար են հյուրասիրության համար՝ տաքացնելու, սառեցնելու խնդիր չի լինում: Հայկական ավանդական տոլմա ևս պատրաստում եմ, բլինչիկ, աղցաններ եմ պատրաստում, ամեն ինչ փորձում եմ պատրաստել ինքս, որովհետև Նոր տարվա տոնը ընտանեկան տոն է, այդ ընթացքում հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները՝ երեխաներս, թոռնիկներս»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Նա նաև նշեց, որ սիրում է, երբ իր եփածն է հյուրասիրում իր հարազատներին: Դրա համար փորձում է ժամանակ գտնել, որովհետև առանց այդ էլ զբաղվածության պատճառով անընդհատ հնարավորություն չի ունենում իր ձեռքով պատրաստածը հարազատներին հյուրասիրել. «Դրա համար այս հազվադեպ առիթը փորձում եմ օգտագործել»:
«Պասուց տոլման պարտադիր տեղ ունի մեր սեղանին: Նոր տարվա օրերին պարտադիր սպաս ենք ունենում պատրաստած: Հալվան և աղանձը ևս պարտադիր տեղ ունեն մեր տոնական սեղանին»,-նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ինչ վերաբերում է թխվածքներին, ապա Ռուզաննա Մուրադյանն ասաց, թե այն հիմնականում պատվիրում են, քանի որ ժամանակ չի մնում պատրաստելու համար:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս քաղաքական տարին շատ ուշ ավարտվեց, և միայն երեկ է ինքը ժամանակ ունեցել գնումներ կատարելու համար:
«Դա երևի թե ճիշտ է, որովհետև մենք ինչ պատրաստում ենք, պատրաստում ենք շատ քիչ, որպեսզի չփչանա, որովհետև որևէ սնունդ մեկ-երկու օրից ավելի չի կարելի պահել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ որպես ավանդույթ, բնականաբար, ամեն ինչ ինքն է պատրաստում ամանորյա սեղանի համար, և որպես կանոն իրենց տանը ծանր կալորիականությամբ սնունդ չի օգտագործվում ո՛չ սովորական օրերին, ո՛չ էլ տոնական:
«Այսինքն՝ խոզի բուդ, որը կարող է յոթ օր մնալ սեղանին, կամ նման ծանր սնունդ երբեք չեմ պատրաստում: Ես ինքս թեթև աղցաններ եմ սիրում՝ անանասով, բուլղարական պղպեղներով, հյուրերի համար նաև ավանդական մայրաքաղաքային աղցանն ենք պատրաստում, բայց երբեք մեր տանը հակացուցված մթերքներ չեն լինում՝ մայոնեզ, կետչուպ, այդ բացահայտ թույները չենք օգտագործում: Աշխատում ենք հիմնականում շատ ցածր յուղայնությամբ թթվասեր, մածուն, ահա այդպիսի թեթև ուտեստներ օգտագործել: Ամեն ինչ շատ քիչ եմ պատրաստում, յուրաքանչյուր օրվա համար: Երբեք շատ չեմ պատրաստում, որպեսզի հետո փչացած սնունդ չուտենք: Նման բան մեզ մոտ երբևէ ընդունված չի եղել, այս տարի ևս չի լինելու»,-տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Ի տարբերություն բոլորի, որ սովորաբար հյուր են գնում, առավոտից երեկո ընդունելություն են կազմակերպում, Նաիրա Զոհրաբյանն այդպես չի անում. «Ինձ համար տարվա մեջ երկու ժամանակ կա, երբ իմ առանձնանալու, մեկուսանալու օրերն են: Դա ամառային արձակուրդներն են և Նոր տարվա օրերը: Ես սկզբունքորեն երբեք որևէ տեղ չեմ գնում, առանձնանում եմ, և այն, ինչ չեմ հասցրել այս ընթացքում կարդալ, անպայման կարդում եմ»,-եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ԱԺ Հանրապետական խմբակցությունից Նաիրա Կարապետյանի Ամանորի սեղանը գրեթե ոչ մի բանով չի տարբերվում հայկական ավանդական ամանորյա սեղաններից: Ամանորը ՀՀԿ-ական պատգամավորի համար ընտանեկան տոն է, այն ունի ընտանեկան խորհուրդ:
«Իմ պարտականությունների մեջ մտնում է ավանդական հայկական տոլման, բլինիչիկ փաթաթելը և աղցանները: Մի աղցան եմ պատրաստում, որը ավանդականից մի քիչ տարբերվում է, դա բանջարեղեններով աղցանն է, ավելի դյուրամարս»,-ասաց Նաիրա Կարապետյանը:
«Բոլոր տարիների ընթացքում Նոր տարին դիմավորել եմ ընտանիքիս հետ, այս տարի նույնպես բացառություն չի լինելու, մեկնելու եմ Գյումրի՝ ծնողներիս տանն եմ դիմավորելու: Իսկ ամանորի խորհուրդն ինձ համար այն է, որ ժամը 12-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, մենք բոլորս իրար նվերներ ենք փոխանցում: Ճիշտն ասած միշտ սրտատրոփ սպասում եմ այդ նվերներին, որովհետև ամեն անգամ ինչ-որ գեղեցիկ անակնկալ է լինում»,-ավելացրեց Նաիրա Կարապետյանը:










