Հունաստանի առափնյա ծառայությունը Էգեյան ծովում 85 անօրինական ներգաղթյալների է փրկել
Հունաստանի առափնյա ծառայությունը Էգեյան ծովի հարավարևելյան մասում գտնվող Աստիպալիա կղզու մոտակայքում փրկել է 85 անօրինական ներգաղթյալների, որոնց թվում նաև կանայք և երեխաներ կան: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` տեղի լրատվամիջոցների հղումով:
Անօրինական ճանապարհով ներգաղթողները գտնվել են առագաստանավի վրա, որը առավոտ կանուխ աղետի ազդանշան է տվել` գտնվելով Կիկլադյան կղզիների կազմի մեջ մտնող Աստիպալիա կղզուց 6 ծովային մղոն դեպի հարավարևմուտք:
Օգնության են մեկնել Առափնյա ծառայության 4 մոտորանավակ, Հունաստանի ռազմածովային ուժերի հածանավը և երկու բեռնատար նավեր:
Փրկարարական աշխատանքները բարդացել են վատ եղանակային պայմանների պատճառով, սակայն հաջողվել է փրկել նավի վրա գտնվող 50 տղամարդկանց, 20 կանանց և 15 երեխաների, որոնք այժմ տեղափոխվել են կղզի:










