Քսաներկու տարի առաջ` հունվարի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց ԼՂՀ (Արցախ) անկախության մասին

16:03 • 06.01.14

Քսաներկու տարի առաջ`1992 թ-ի հունվարի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության անկախության մասին:

Մինչ այդ, 1991թ-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի համար անցկացվել էր միջազգային նորմերին համապատասխան հանրաքվե` տարբեր երկրներից ժամանած մի մեծ խումբ անկախ դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանրապետության տարածքում ձևավորվել էր 81 ընտրական տեղամաս, ընտրողների ցուցակում ներառվել էր 132 հազար 328 մարդ:

 

Հանրաքվեի դրված հարցն այսպես էր ձևակերպված. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն` ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:

Քվեաթերթիկները կազմվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:

 


Ընդհանուր առմամբ` հանրաքվեին մասնակցեց 108 736 մարդ, կամ` գրանցված ընտրողների 82,2 %-ը: Քվեարկությանը մասնակցածների 99,89 %-ը կողմ արտահայտվեց ԼՂՀ անկախությանը:

Անկախության հանրաքվեից անմիջապես հետո` 1991 թ-ի դեկտեմբերի 28-ին, անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ մեծամասնական ընտրակարգով, ինչի արդյունքում ընդհանուր, հավասար և գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց պետական իշխանության բարձրագույն մարմինը` ԼՂՀ Գերագույն խորհուրդը:
Արդեն 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհուրդն իր առաջին նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը:

 

Հռչակագրում արձանագրվեց, որ ելնելով ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքից, հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը` ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատում է իր դրոշը, զինանշանն ու օրհներգն ունեցող ԼՂՀ անկախ պետականությունը:
Խորհրդարանը նաև ձևավորեց հանրապետության առաջին կառավարությունը` ԼՂՀ նախարարների խորհուրդը, որը ստիպված եղավ իր աշխատանքն սկսել Ադրբեջանի կողմից համատարած շրջափակման և ռազմական ագրեսիայի պայմաններում:

 


1991-1994 թթ-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ձևավորվեց ռազմական կոնֆլիկտ։ Արդյուքնում` ԼՂՀ-ի կողմից ազատագրված և փաստացիորեն վերահսկվող տարածքը ներկայում զբաղեցնում է Ադրբեջանի հարավ-արևմտյան մասը` արևմուտքում հատելով Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները, հարավում` Ադրբեջանի ու Իրանի, իսկ հյուսիսում և արևելքում` հատվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների: Ներկայում Ադրբեջանի ռազմական ուժերի վերահսկողության տակ են գտնվում հայկական հողերից Մարտունու և Մարտակերտի շրջանի մի մասը ու ԼՂՀ Շահումյանի շրջանի գրեթե կեսը:

 


Այսօր Լեռնային Ղրաբաղի Հանրապետությունը բաժանված է 7 շրջանների և Ստեփանակերտ մայրաքաղաքի: ԼՂՀ-ում կա 10 քաղաք և 301 գյուղական բնակավայր: Տարածքը՝ 11500 քառ.կմ է, որից փաստացի վերահսկվում է 11000 քառ.կմ-ը։ Բնակչության թվաքանակը կազմում է 137. 380-137 737 մարդ, խտությունը՝ 29 մարդ/քառ.կմ։ ԼՂՀ արժույթը ղարաբաղյան դրամն է, փաստացի շրջանառվող արժույթը՝ հայկական դրամը։ Պետական լեզուն հայերենն է։

 

Լեռնային Լարաբաղի Հանրապետության հիմնի հեղինեկներն են` խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն` Արմեն Նասիբյանի:

Ազատ ու անկախ Արցախ

Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում:
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:
Քաջերն ենք մենք հայկազուն,
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ`
Անհաղթելի մի բուռ աշխարհ: