Բրեյվիկի դատապաշտպանը մրցանակի է արժանացել` մարդկային արժանապատվությունը պաշտպանելու համար
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատապաշտպան Հեյր Լիփեսթադը պարգևատրվել է «մարդու արժանապատվությունը» առաջ մղելու համար շնորհվող գլխավոր մրցանակով:
Ինչպես հայտնում է The Local-ը` Menneskeverds Livsvernpris կազմակերպությունն ամեն տարի մրցանակ է շնորհում տարբեր գործիչների և կառույցների, որոնք «դրական ներդրում են ունեցել մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում»: Այս տարի մրցանակին արժանացել են Լիփեսթադը և նրա կինը` սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնելու համար:
Ամուսինները երկու հաշմանդամ երեխա ունեն: Իսկ նրանց դուստր Ռեբեկան մահացել է այն շրջանում, երբ Լիփեսթադը պատրաստվում էր Բրեյվիկի դատավարությանը:
Կազմակերպությունը գնահատել է նաև դատապաշտպանի աշխատանքը դատարանում Բրեյվիկին պաշտպանելու գործում: Ըստ Menneskeverds Livsvernpris-ի` Լիփեսթադն օգնել է ակնհայտ դարձնել, որ մարդկային արժանապատվություն հասկացությունը վերաբերում է բոլոր-բոլորին` անկախ իրենց արարքներից:
2012-ին նորվեգական Dagbladet թերթը Լիփեսթադին նաև տարվա մարդ էր հռչակել:










