Yahoo!-ի հարյուր հազարավոր օգտատերեր վնասվել են վիրուսային գովազդներից

16:48 • 06.01.14

Պորտալն իր այցելուներին գովազդային հայտարարություններ է ցույց տվել, որոնց հղումը սեղմելով` կարելի էր համակարգիչը վարակել վիրուսներով: Ինչպես գրում է ria.ru-ն` դրանից տուժել են հարյուր հազարավոր օգտատերեր Եվրոպայում: Այդ մասին հաղորդել է տեղեկատվական անվտանգության ոլորտում գործող նիդերլանդական Fox-IT ընկերությունն իր պաշտոնական բլոգում:


Fox-IT-ի մասնագետները վարակված համակարգիչներ են հայտնաբերել իրենց հաճախորդների մոտ հունվարի 3-ին, սակայն նրանց տվյալներով` վնասակար հղումներով գովազդի տարածումը Yahoo.com կայքում կարող էր սկսվել առնվազն` դեկտեմբերի 30-ից:
Յուրաքանչյուր սեղմում նման գովազդի հղման վրա օգտատիրոջը վերահասցեավորում էր կայք, որտեղ և տեղի էր ունենում համակարգչի վարակումը:


Fox-IT-ի տվյալներով՝ յուրաքանչյուր ժամ կարող էր վարակվել մոտ 27 հազար համակարգիչ: Մասնագետների տվյալներով՝ ամենաշատը վարակված համակարգիչներ եղել են Ռումինիայում (24 %), Մեծ Բրիտանիայում (23 %) և Ֆրանսիայում (20 %):
Yahoo-ի ներկայացուցիչները CNN-ին հաղորդել են, որ գիտեն հարձակման մասին և հետևում են ու արգելափակում նման հայտարարությունները:

Yahoo!-ի հարյուր հազարավոր օգտատերեր վնասվել են վիրուսային գովազդներից