Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Պերու

17:26 • 07.01.14

Հունվարի 6-ին մեկնարկել է ՀՀ արգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Պերու, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Նույն օրը կայացել է Էդվարդ Նալբանդյանի և Պերուի արտգործնախարար Էդա Ռիվաս Ֆրանչինիի հանդիպումը, որը սկսվել է առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվել պատվիրակությունների մասնակցութամբ։


Պերուի արտգործնախարարը ողջունել է 21 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ԱԳ նախարարի առաջին այցելությունը Լիմա և ընդգծել, որ այցը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:


Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխահրամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը և դա իր այցելության հիմնական նպատակն է։


Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապակենտրոնացված փոխգործակցության խթանման, կրթության, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցության հաստատման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերի շուրջ:


Հայաստանի և Պերուի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանում և Լիմայում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրման, պատվո հյուպատոսների նշանակման, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի մշակման և առաջիկա բարձր մակարդակի հանդիպման ընթացքումում դրանց ստորագրման վերաբերյալ:


Նախարար Ռիվասը իր հայաստանյան գործընկերոջը ներկայացրել է երկրի զարգացման ուղղությամբ Պերուի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը և առաջնահերթությունները, ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:


Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ:


Հանդիպումից հետո Էդա Ռիվասը՝ պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին, որին մասնակցել են նաև Պերուի արտաքին առևտրի և տուրիզմի նախարար Մագալի Սիլվան, Պերուի խորհրդարանի և ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Լիմայում նախարար Նալբանդյանը հանդիպել է Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրային:


Զրուցակիցները քննարկվել են Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:


Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։