Անկարայում մի գիշերվա ընթացքում 350 ոստիկան է աշխատանքից ազատվել
Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի, հայտնում է թուրքական The Hurriyet Daily News-ը։
Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության պատասխան քայլը, որի անդամների նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում։
Աշխատանքից ազատված ոստիկաններն աշխատում էին ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այլ վարչություններում։ Նրանցից 80-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ։
Ավելի վաղ աշխատանքից ազատվել էին Ստամբուլի ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ «կոռուպցիոն սկանդալի» գործով առաջին ձերբակալությունները տեղի էին ունեցել դեկտեմբերի կեսերին։ Այն ժամանակ ձերբակալվել էր մոտ 50 մարդ, ներառյալ` նախարարների որդիներ։ Մի քանի նախարար այս գործի պատճառով հրաժարական է տվել։
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ սա դավադրություն է, որն ուղղված է իրենց դեմ։










