Ford-ի ղեկավարը դուրս է մնացել Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների ցանկից

11:17 • 08.01.14

Ford ընկերության գլխավոր տնօրեն Ալան Մուլալին, որին ավելի վաղ համարում էին Microsoft-ի հաջորդ ղեկավարը, ավտոմոբիլային ընկերությունում կմնա առնվազն մինչև 2014 թվականի ավարտը: Այդ մասին Մուլալին հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:

 

Նա հավելել է, որ կցանկանար վերջ դնել Microsoft տեղափոխվելու վերաբերյալ ենթադրություններին, որպեսզի չանհանգստացնի Ford-ի բաժնետերերին:

 

Ներդրողներն ուշադիր հետևում էին Մուլալիի աշխատավայրի հնարավոր փոփոխության մասին լուրերին, քանի որ 2014 թվականը Ford-ի համար լինելու է ավտոարտադրողի նորագույն պատմության մեջ ամենակարևոր տարիներից մեկը: Ինչպես հիշեցնում է Bloomberg-ը՝ 12 ամիսների ընթացքում ամերիկյան ընկերությունը պատրաստվում է շուկա հանել միանգամից 23 նոր ավտոմեքենա:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուլալիից բացի այդ պաշտոնի մյուս թեկնածուներն են Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Իլոպը, Skype-ի նախկին ղեկավար Թոնի Բեյթսը և Սաթյա Նադելան` Microsoft-ից: ԶԼՄ-ները գրում էին, որ Microsoft-ի ղեկավարի թեկնածուների կարճ ցանկում 9 մարդ կա, սակայն 5-ի անունները պարզել լրագրողներին չի հաջողվել:

Ford-ի ղեկավարը դուրս է մնացել Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների ցանկից