Twitter-ի համահիմնադիրը սոցցանցերում պատասխանների որոնման ծառայություն է գործարկել (տեսանյութ)
Twitter սոցցանցի համահիմնադիր Բիզ Սթոունը ներկայացրել է Jelly բջջային հավելվածը: Այն իրենից ներկայացնում է հարցերի ու պատասխանների ծառայություն, որը գործում է սոցիալական ցանցերի միջոցով, գրում է lenta.ru-ն:
Jelly-ն աշխատում է հետևյալ կերպ. Android-ի կամ iOS-ի համար ծրագրի միջոցով օգտատերը հարց է տալիս, իսկ դրա պատասխանը նրա ընկերները տալիս են սոցիալական ցանցերով: Անհրաժեշտ է, որ պատասխանողները նույնպես տեղադրած լինեն Jelly ծրագիրը:
Եթե ընկերները չգիտեն պատասխանը, նրանք իրենց հերթին կարող են հարցնել իրենց ծանոթներից: Այդկերպ՝ պատասխանը կարող են տալ նաև մարդիկ, որոնք չկան հարցը տված օգտատիրոջ ընկերների ցանկում:
Հարցին կարելի է կցել նկար, օրինակ՝ սմարթֆոնով արված լուսանկար: Լուսանկարում, մասնավորապես, կարող է պատկերված լինել առարկա, որի օգտագործման մասին հարցնում է օգտատերը:
Jelly-ի հիմնադիրների կարծիքով՝ ծառայությունն ավանդական որոնողական համակարգերից տարբերվում է նրանով, որ դրա միջոցով գտած պատասխաններն ունեն իրական մարդկանց, այդ թվում՝ ընկերների և ծանոթների գործնական փորձը:










