Ղրղզստանի մուսուլմանների առաջնորդը հրաժարական է տվել` իր մասնակցությամբ սեքս-տեսանյութի հայտնվելուց հետո

11:49 • 08.01.14

Ղրղզստանի Մուսուլմանների հոգևոր վարչության ղեկավար Ռահմաթուլլահ Էգեմբերդիևը դադարեցրել է իր լիազորություններն այդ երկրում պայթած սեքս-սկանդալից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Օրեր առաջ ինտերնետում հայտնվել էր ինտիմ բնույթի տեսանյութ` Էգեմբերդիևի մասնակցությամբ: Դրան հաջորդել էին ցույցեր:

 

Դրանից հետո մուֆթին հանդես է եկել հայտարարությամբ, թե տեսանյութում մի կին է, որի հետ նա մուսուլմանական օրենքներով ամուսնացած է: Նա պնդել է, թե սկանդալի հետևում բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց դուր չի գալիս իր բարեփոխումների քաղաքականությունը:

 

Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը մուֆթի Էգեմբերդիևին խորհուրդ է տվել փորձել ավելի արժանապատիվ ձևով դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Փորձագետները ենթադրում են, որ սկանդալի հիմքում Սաուդյան Արաբիա ուխտագնացության վիզաների տրամադրման խնդիրն է, քանի որ դրանք տրվում են խիստ սահմանափակ քանակով և միշտ բաշխման խնդիր է առաջանում: