Սիրիայի ծայրահեղական իսլամիստները կոչ են արել ոչնչացնել մնացյալ ապստամբներին
Սիրիայում գործող իսլամիստ ծայրահեղական խմբավորումներից «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորումն իր անդամներին կոչ է արել ոչնչացնել Սիրիայի մնացյալ բոլոր ապստամբներին։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, խմբավորումը նման ուղերձ է հղել երեկ։
Խմբավորման ներկայացուցիչ Աբու Մոհամմեդ ալ Ադնանին հայտարարել է, որ խմբավորման անդամները սիրիացի մնացյալ ապստամբներին համարում են հարվածի «օրինական թիրախ»։
Նրա խոսքով՝ Սիրիական ազգային կոալիցիան պատերազմ է հայտարարել իրենց, և այդ պատճառով խմբավորման անդամները հետապնդելու են կոալիցիայի բոլոր անդամներին, բացառությամբ նրանց, ովքեր հրապարակայնորեն կհայտարարեն կոալիցիայից դուրս գալու և խմբավորմանը միանալու մասին։
Հունվարի սկզբից Սիրիայի հյուսիսում և արևելքում զինված բախումներ են տեղի ունենում իսլամիստ ծայրահեղականների խմբավորման և այլ ապստամբ խմբերի միջև։
Ընդդիմադիր խմբավորումները, միավորվելով, կարողացել են ծայրահեղականներին դուրս բերել Հալեպի, Իդլիբի և Համայի նահանգներից։ Ընդդիմության ներսում վերջին մի քանի օրերի հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 120 մարդ։










