ԱՄՆ-ում 106 մարդ է ձերբակալվել՝ սոցիալական վճարների հետ կապված խոշոր խարդախության պատճառով
ԱՄՆ-ի իրավապահ մարմիններն ապահովագրության և սոցիալական վճարումների հետ կապված խոշոր խարդախության դեպք են բացահայտել, որի առնչությամբ Նյու Յորքում ձերբակալվել է 106 մարդ՝ այդ թվում նաև 80 նախկին ոստիկան ու հրշեջ։
Ինչպես հայտնում է Лента-ն՝ Agence France-Presse-ին հղումով, հետաքննության արդյունքում պարզվել է, որ ոստիկաններն ու հրշեջները ձևացրել են թե իբր հոգեկան խնդիրներ ունեն՝ պնդելով, որ դրանք ձեռք են բերել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ։
Անաշխատունակ ճանաչվելուց հետո նրանք ստացել են սոցիալական վճարներ, որոնց չափը կազմել է 30-50 հազար դոլար։ Սակայն միևնույն ժամանակ հանցախմբի անդամները շարունակել են ապրել սովորական կյանքով։
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ այս հանցավոր սխեման ստեղծվել է 1988թ., և ընդհանուր առմամբ դրա շրջանակներում ապօրինի սոցիալական վճարներ է ստացել 1.000-ից ավելի մարդ։ Հանցախմբի գործունեության հասցրած վնասը գնահատվել է 400 մլն դոլար։
Հայտնի է, որ մոտ օրերս գործի առնչությամբ կձերբակալվի ևս 50 մարդ։










