Microsoft-ն ԱՄՆ-ի ամենահզոր բրենդ է ճանաչվել՝ ետևում թողնելով Apple-ին

17:17 • 09.01.14

Microsoft կորպորացիան ԱՄՆ-ի ամենահզոր բրենդ է ճանաչվել: Այդ մասին հաղորդել է ինտերնետային ComputerWorld պարբերականը՝ Forrester Research խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտությանը հղումով, գրում է lenta.ru-ն:


Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել Apple ընկերությունը:

 

Forrester Research-ի ներկայացուցիչների խոսքերով ՝ 2013 թվականին Microsoft-ին հաջողվել է զգալիորեն ամրապնդել իր դիրքերը և կրկին գրավել շատ գնորդների ուշադրությունն ու հավատարմությունը: Դրան նաև նպաստել է «One Microsoft» նշանաբանով անցկացվող բրենդի նոր գովազդային արշավը:

 

Միևնույն ժամանակ Apple-ը, ինչպես նշում են վարկանիշի հեղինակները, վերջին 18 ամիսների ընթացքում շատ բաներում կորցրել է գրավչությունը: Գնահատման ցուցանիշների մեծամասնությամբ ընկերությանը հաջողվել է Microsoft-ի հետ հավասար քանակությամբ միավորներ հավաքել, սակայն Apple-ը զիջել է Բիլ Գեյթսի կորպորացիային հիմնական կատեգորիայում՝ Essentials («Անհրաժեշտ»):

 

«Apple-ի արտադրանքը շարունակում է մարդկանց մոտ բարձր որակի և ծառայության գերազանց մակարդակի հետ ասոցացվել, սակայն այլևս չի համարվում այնքան կարևոր ու անհրաժեշտ, որքան Microsoft-ինը»,- հայտարարել է Forrester Research-ի վերլուծաբան Թրեյսի Սթոուքսը:

Microsoft-ն ԱՄՆ-ի ամենահզոր բրենդ է ճանաչվել՝ ետևում թողնելով Apple-ին