Հարևանները դեմ չեն, որ Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնա

14:33 • 11.01.14

 Հարևան որևէ երկիր դեմ չէ, որ Հայաստանը ստանա տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ, բայց արաբական երկրները առանձին միություն են ուզում ստեղծել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում այս գործընթացը և երբ ի վերջո Աստղագիտության միջազգային կենտրոնը որոշում կկայացնի։

 

«Մենք դիմել ենք իրենց 2012թ-ին, բայց պարզվում է սա բավական երկար գործընթաց է։ Քննարկումներ են եղել մեր հարևան պետությունների հետ, որովհետև նրանց համաձայնությունն էլ է պետք։ Իրանն ու Վրաստանը արդեն պաշտոնապես հայտնել են, որ կողմ են Հայաստանը դառնա այդ կենտրոնը, Ադրբեջանն ու Թուրքիան դեմ չեն արտահայտվել։ Բոլորի համար ակնհայտ է, որ այս տարածաշրջանում աստղագիտության ոլորտում զարգացած է հենց Հայաստանը»,- ասաց նա։

 

Արեգ Միքայելյանը նշեց, որ ինքը այս հարցը նաև քաղաքական է համարում, քանի որ աստղագիտության տարածաշրջանային կենտրոնի դերի ստանձնումը կամրապնդի ու կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը հատկապես տարածաշրջանում։

 

«Կարծում եմ, որ երկրի ղեկավարները պետք է այս ուղղությամբ ջանքեր գործադրեին։ Եթե Հայաստանի հեղինակությունը ավելի բարձր լինի և տարածաշրջանի համար որևէ բնագավառում դառնա կարևոր պետություն, արդեն կարող են պատկերացումները մեր մասին փոխվել, դրա համար ես շատ եմ կարևորում այս հարցը»,– ասաց Արեգ Միքայելյանը։

 


«Պետության կողմից առայժմ ոչ մի քայլ չի արվել, մենք դիմել ենք, ներկայացրել ենք, որ այսպիսի ծրագրի ենք մասնակցում, բայց պետությո՛ւնը հիմնականում պետք է ներդրումներ անի, որ կենտրոնի դերը ստանձնելուց հետո կարողանանք ծրագիրը իրականացնել»,- ավելացրեց ասաց նա։

 

Արեգ Միքայելյանը նշեց, որ աստղագիտության տեսակետից այն կարևոր է Հայաստանում ոլորտը ավելի զարգացնելու համար։

 

«Մենք որոշ պարտականություններ պետք է վերցնենք՝ օգնենք տարածաշրջանում աստղագիտության բնագավառում թույլ զարգացած երկրներին։ Սա մենք արդեն արել ենք, տարածաշրջանային աստղագիտական դպրոցներ ենք անցկացնում, տարբեր երկրներից մեզ մոտ եկել են սովորելու, նույնիսկ Հորդանանից մի երիտասարդ պաշտպանեց։ Մինչ այդ էլ՝ Սովետական Միության ժամանակ, պաշտպանել են վրացիներ, նույնիսկ ադրբեջանցի»,- ասաց նա։

 

Նշենք, որ այս գործընթացը սկիզբ է առել 2009թ-ից և Աստղագիտության միջազգային կենտրոնը մինչ օրս միայն երկու երկրի է նման կարգավիճակ տվել։ Այն տրվում է 10 տարվա ժամկետով, սակայն ծրագիրը լավ իրականացնելու դեպքում ժամկետի երկարաձգում է ենթադրում։


 

 

 

Հարևանները դեմ չեն, որ Հայաստանը տարածաշրջանային աստղագիտական կենտրոն դառնա