Dropbox-ը կայքի անհասանելիությունը բացատրել է թարմացման ժամանակ խնդիրներով
Dropbox ծառայության կայքի ժամանակավոր անհասանելիության պատճառը եղել են խնդիրները, որոնք առաջացել են ծառայության պլանային թարմացման ընթացքում: Այդ մասին հաղորդագրությունը հունվարի 12-ին հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում, գրում է lenta.ru-ն:
Ինչպես նշվում է՝ dropbox.com կայքի աշխատանքն այժմ ամբողջովին վերականգնված է, սակայն օգտատերերի մոտ կարող են դեռ խնդիրներ առաջանալ լուսանկարներ ներբեռնելու ժամանակ:
«Մենք հասկանում ենք, որ կայքի յուրաքանչյուր «տապալում» անթույլատրելի է, և կփորձենք ապագայում խուսափել նման իրավիճակներից»,- հայտնել են Dropbox-ի գրասենյակից՝ ընդգծելով, որ կայքի հասանելիության սահմանափակումը կապված չէ հաքերային հարձակումների հետ: Ընդհանուր առմամբ, Dropbox կայքը հասանելի չի եղել մոտ 48 ժամ:
Ծառայության կայքի անհասանելիության հետ խնդիրները սկսվել են լույս դեկտեմբերի 11-ին: Ավելի ուշ Twitter-ում հայտնված տեղեկության համաձայն՝ խնդիրը կարող էր առաջանալ հաքերային հարձակման արդյունքում: Չնայած Dropbox-ը հերքել է «տվյալների արտահոսքը» և հաղորդել է կայքում իրականացվող աշխատանքների մասին, շատերը հաքերային հարձակումն առավել հավանական բացատրություն են համարել՝ այն կապելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կայքի վրա հարձակման հետ:










