Արգենտինացի ուսանողներն առանց ջրի աշխատող լվացքի մեքենա են ստեղծել

12:00 • 14.01.14

Երկու երիտասարդ արգենտինացիներ ստեղծել են լվացքի մեքենա, որն աշխատում է առանց ջրի։ Կորդովայի ազգային համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան և Նիկոլաս Վուկսանովիկն իրենց գյուտը ներկայացրել են որպես դիպլոմային աշխատանք։ Հագուստի մաքրման համար նրանք առաջարկում են օգտագործել ածխածնի երկօքսիդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Երիտասարդները մտադիր են իրենց ներդրումն անել ժամանակակից աշխարհի էկոլոգիական խնդիրների լուծման հարցում, ներառյալ՝ քաղցրահամ ջրի անբավարարությունը։ Այդ նպատակով էլ նրանք սկսել են մշակել նոր լվացքի մեքենան։ Ի տարբերություն չոր մաքրման համար նախատեսված այլ մեքենաների, որոնք թեև քիչ, սակայն, այնուամենայնիվ, ջուր են օգտագործում, նրանց սարքը, որը կոչվում է «Նիմբուս», բացարձակապես չոր է աշխատում։

 

Մեքենայի համար պահանջվում է միայն ածխաթթու գազ և մաքրման համար նախատեսված արտոնագրված էկոլոգիապես մաքուր միջոցներ։ Բացի այդ, այս մեքենան ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, քան սովորական լվացքի մեքենան։ Նման լվացքից հետո այլև չի պահանջվի չորացնել և արդուկել հագուստը։

 

Իրենց գյուտի համար երիտասարդ մասնագետները բարձր գնահատական են ստացել դիպլոմային աշխատանքի համար։ Նրանք արդեն արտոնագրել են իրենց նոր լվացքի մեքենան։

 

 

Արգենտինացի ուսանողներն առանց ջրի աշխատող լվացքի մեքենա են ստեղծել