Facebook-ի հիմնադիրն առաջիններից մեկն է օգտվել Jelly ծառայությունից
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Jelly նոր ծառայության՝ կարգավիճակ ունեցող առաջին օգտատերերից մեկն է դարձել՝ դրա օգնությամբ փորձելով իմանալ, թե ինչ սարդ է մտել իր լոգարան, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Digit.ru-ին:
Հարցերի և պատասխանների համար Jelly ծրագիրը, որը ծրագրավորողներն անվանում են «ինտերնետային որոնման նոր մոդել», անցած շաբաթ թողարկել է Twitter-ի հիմնադիրներից Բիզ Սթոունը:
Jelly ծառայության գաղափարն այն է, որ օգտատերը ծրագրում հարց է տալիս, իսկ պատասխանները ստանում է սոցիալական ցանցերի իր ընկերներից: Հարցը կարող է ձևակերպվել և՛ տեքստի, և՛, օրինակ, լուսանկարի միջոցով, որի վրա կարելի է առանձնացնել մի հատված և հարցնել՝ ինչ է դա:
Ցուկերբերգը նախօրեին Jelly-ում տեղադրել է մեծ սարդի լուսանկար՝ գրելով. «Ի՞նչ սարդ է սա, նրան կենդանի թողնե՞մ, որ ապրի իմ լոգարանում»:
Ինը րոպե անց նրան պատասխանել է Jelly-ի գործադիր տնօրեն Քևին Տաուն: «Ես կարծում եմ, որ դա Phidippus Johnsoni է: Հավանաբար, դու կցանկանաս դրան հեռացնել տնից»,- գրել է նա՝ պատասխանին կցելով «Wikipedia»-ում հոդվածի հղումը: Պարզվել է, որ Facebook-ի սեփականատիրոջ տան սարդը թունավոր չէ, սակայն կարողանում է թռչել և ցավոտ կծել:
Պատմությունը նաև շարունակություն է ունեցել: Jelly-ի հիմնադիր Սթոունը վերահրապարակել է Twitter-ում հարցը՝ հեգնական գրությամբ. «Jelly-ի միջոցով առաջին փրկված կյանքը (նկատի ունեմ սարդին, այլ ոչ Ցուկերբերգին)»:










