Ամեն ինչ արել ենք մայրաքաղաքի պատշաճ սանիտարական տեսքը պահելու համար. քաղաքապետարանի պնդումը և մեր լուսանկարները

20:04 • 15.01.14

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում, հատկապես` ոչ կենտրոնական, տոնական և հետտոնական օրերին աղբահանությունը կանոնավոր կերպով չի կատարվում:


Tert.am-ի հարցին՝ դա ինչո՞վ է պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության, սանմաքրման բաժնի պետ Հովիկ Ահարոնյանը պատասխանեց. «Տոն օրերին մենք աշխատել ենք 24-ժամյա գրաֆիկով: Քաղաքապետարանում ունեցել ենք շուրջօրյա հերթապահություն: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ տոնական օրերին աղբի ծավալն ավելի է շատացել, քան մինչ տոները: Դրան զուգահեռ ավելացել է նաև մեր ծառայությունների աշխատանքը»:

 

Հովիկ Ահարոնյանը պնդեց, որ ամեն ինչ արվել է մայրաքաղաքի պատշաճ սանիտարական տեսքը պահելու համար. «Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց, բայց մասնավոր դեպքեր ունեցանք, իսկ որոշ հատվածներում ցրտի պատճառով բազմաբնակարան շենքերից մի քանիսում ունեցանք աղբամուղի սառչելու խնդիր: Մարդիկ ինքնագործունեությամբ էին զբաղվել՝ փորձել էին ջուր լցնելով՝ բացել աղբամուղը»։



Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության, սանմաքրման բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, և արդեն կան հաղթող երկու կազմակերպություններ: Նա նաև նշեց, որ մայրաքաղաքը բաժանել են երկու հատվածների՝ արևելյան և արևմտյան: Արևելյան հատվածի մրցույթում հաղթողը շվեդական կազմակերպություն է, իսկ արևմտյան հատվածի մրցույթում՝ լիբանանյան:

 

«Մեր ունեցած տեխնիկան հին է, և դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք գնում ենք արմատական փոփոխությունների ճանապարհով, որպեսզի մեր մայրաքաղաքում ունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան աղբահանություն և սանմաքրման աշխատանքներ»,-ասաց Հովիկ Ահարոնյանը։