Էֆթանազիան կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ. հոգեբանն ու հոգևորականները միակարծիք են
Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, Մայր Աթոռի միաբան Ժորա սարկավագ Սարգսյանը և հոգեբան Մարատ Զաքարյանն այսօր կայացած ասուլիսին անդրադարձան էֆթանազիայի, ինչպես նաև դիակիզմանը՝ նկատելով, որ դրանք հայ եկեղեցու համար մերժելի երևույթներ են:
Բագրատ եպիսկոպոս Գալստյանն ասաց, որ բոլոր հարցերում մեծ դեր և նշանակություն ունի մարդու պատիվն ու արժանապատվությունը: Եկեղեցու համար մարդու կյանքը համարվում է սրբազան ոլորտ, այս առումով մարդու կյանքի ավարտը ինչ-ինչ միջոցներով ընդունելի չեն:
«Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի և սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ոչ մի մարդու չի տրված իրավունքը` պահանջելու սպանել իրեն:
Եպիսկոպոսը նաև եսասիրական համարեց այդ երևույթը, քանի որ խնամողները կարող են պատճառաբանել, որ ազատում են տառապանքներից, ուստի համաձայնում են սպանել:
Հոգեբան Մարատ Զաքարյանն անդրադարձավ էֆթանազիա բառին՝ նշելով, որ այն առաջին անգամ Բեկոն անունով բժիշկն է տվել՝քաղցր մահ, բարի մահ իմաստով: «Լինում է պասիվ և ակտիվ էֆթանազիա: Երբ չեն օգնում լավանալուն, պասիվն է, երբ դեղեր են սրսկում, որպեսզի հիվանդը մահանա՝ ակտիվը: Էֆթանազիա` մահ, սպանություն, թե ինքնասպանություն, մեզ մոտ արգելված է, եվրոպական որոշ երկրներում ընդունվում է, սակայն հիմնականում մերժվում է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ բժշկության մեջ տարբեր կարծիքներ կան. ինքն անձամբ դեմ է, բայց կան դեպքեր, որ երևի թե կարելի է արդարացնել:
Նրա խոսքով՝ ոչ բոլոր բժիշկներն են հակված էֆթանազիային, քանի որ միշտ կարող է լինել հույսի նշույլը, որ մարդը կառողջանա:
Ժորա սարկավագ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե էֆթանազիայի և ընդհանրապես բիոէթիկայի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ ազատության հետ մեկտեղ բարոյական պատասխանատվություն գոյություն ունի: «Տառապանքը բացահայտումն է մարդկային կյանքի խոր իմաստի: Տառապանքը հաղթահարելու իմաստն այն է, որ այն հնարավորություն է, ոչ թե պատիժ: Մեղքի միջոցով տառապանքը մտավ և տառապանքի միջոցով պետք է մաքրվի: Կյանքի երկու սահմաններ գոյություն ունեն` կյանք և մահ, այդ սահմաններից դուրս մարդը իրավասու չէ, դա նրա տիրույթը չէ»,-ասաց նա:










