Իտալացի մաֆիոզը բանտային իրավունքի դասընթացներ կանցկացնի

23:46 • 15.01.14

Սարդինայի բանտում իր ցմահ պատիժն անցկացնող «վերադաստիարակված» մաֆիոզը պատրաստվում է բանտային իրավունքի դասընթացներ անցկացնել փորձաշրջան անցնող իրավաբանների հետ:

 

Երկամսյա կուրսերը բանտում կսկվեն հունվարի 24-ից, գրանցվել է 20 իրավաբան: Դասավանդողի խոսքով՝ ցանկացողներն ավելի շատ էին, սակայն մնացածին կազմակերպիչներն ստիպված են եղել մերժել պարապունքների համար ավելի մեծ տարածք չգտնելու պատճառով: Հավանական է, որ բանտարկյալն իր աշխատանքի համար կստանա հոնորար:


Դալ Աննան դատապարտվել է մոտ 20 տարի առաջ՝ պատվիրված սպանություններ կազմակերպելու մեղադրանքով: Հենց կալանավայրում էլ բանտարկյալն ստացել է իրավաբանական կրթություն: Իտալական իրավաբանական ամսագիրը գնահատել է Դալ Աննայի որակավորման մակարդակը և պարբերաբար հրապարակում է վերջինիս հոդվածները:


Իրավաբանը, որն օգնել է բանտարկյալին՝ զբաղվել դասախոսական գործունեությամբ, պատմել է, որ նախկին մաֆիոզը փորձում է ետ կանգնել իր նախկին կյանքից: Դալ Աննան արդեն մի քանի տարի խնդրում է Իտալիայի իշխանություններին՝ իրեն տեղափոխել ավելի մեղմ ռեժիմով բանտ, քանի որ ինքն այլևս վտանգավոր չէ հասարակության համար: Ըստ տեղական օրենքների՝ դա հնարավոր կլիներ իրականացնել միայն այն դեպքում, եթե նա դառնար իշխանության ինֆորմատորը: Դալ Աննան չի ընդունել այդ առաջարկը՝ ելնելով  իր ընտանիքի անվտանգությունից: