Ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է նրա հարցազրույցին անդրադարձողներին
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը 2rd.am կայքում հրապարակված հաղորդագրության մեջ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ նույն կայքին տված վերջին հարցազրույցին և դրա շուրջ ծավալված քննարկումներին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները՝ հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև՝ երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում՝ հաշվի առնելով թե´ բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե´ հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված 7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:
Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե´ հեղինակների անձը, և թե´ նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:
Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ. կա´մ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կա´մ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել:
Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն «բացահայտումը», թե Ռոբերտ Քոչարյանն այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:
Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել Նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես՝ առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին»:
Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր գազի իրական գնի մասին հանրությանը չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտք կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմաններին և նշել, որ իր համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու՝ Կառավարության տրամաբանությունը։
«Ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ՝ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի»,–ասել է Արմեն Մովսիսյանը:
Նա նաև հավելել էր. «Ցանկանում եմ նաև հիշեցնել պարոն Քոչարյանին, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով ոլորտում խաղի կանոնները այնպես են սահմանված, որ «ՀայՌուսգազարդ»-ի գործունեությունը չի կարող լինել այդ կանոններից դուրս և չի կարող հակասել մեր պետության շահերին: Ասվածի վառ օրինակը բաշխիչ ցանցերի պետական բաժնեմասի 100% մասնավորեցումն էր, որը տեղի ունեցավ 2002թ-ին և մինչև այսօր որևիցե խնդիր չի առաջացրել: Հետևաբար «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի օտարումը կամ որպես ՀՀ սեփականություն պահելը ընկերության կառավարման գործում որևէ ազդեցություն չի կարող ունենալ»:










