Պեկինում ծխամշուշի պատճառով փակվել են ճանապարհները
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ծխամշուշի պատճառով այսօր փակվել են ավտոճանապարհները, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ «Սինհուա»-ին հղումով։
Գիշերվա ընթացքում ծխամշուշի խտությունը շարունակել է ավելանալ։ Ծխի հետևանքով փողոցներում չեն երևում երկնաքերերը։
Պեկինի շրջակա միջավայրի պահպանության վարչությունից տեղեկացրել են, որ այսօր ցերեկը տեսանելիությունը քաղաքում 500 մետրից ցածր կլինի։ Աղտոտվածության մակարդակը հասել է «դեղին» աստիճանի, այսինքն՝ չինական սանդղակով՝ երկրորդի։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը մշտական խնդիր է Պեկինի համար։ Արտանետումների ծավալը նվազեցնելու համար իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ցերեկային ժամերին ավտոմեքենաների օգտագործման հարցում։
Բացի այդ, նրանք փորձում են դադարեցնել մոտակայքում գտնվող գործարանների աշխատանքը։ Չնայած համարվում է, որ աղտոտվածության հիմնական պատճառը մեքենաների և արդյունաբերական արտանետումներն են, 2013թ.-ին Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները որոշել էին փակել հարյուրավոր փողոցային խորովածանոցներ։










