Կոլորադոյում «ներման տուփեր» են հայտնվել մարիխուանայի սիրահարների համար
Ամերիկյան Կոլորադո նահանգի օդանավակայաններից մեկի ղեկավարությունը, որտեղ 2014 թվականի հունվարի 1-ից երկրի պատմության մեջ առաջին անգամ մարիխուանան հայտնվել է մասնագիտացված խանութների վաճառքի սեղաններին, տեղադրել է «ներման տուփեր», որտեղ մարիխուանայի սիրահարները կարող են նետել թմրանյութը, որն ըստ օրենքի թույլ չի տրվում անցկացնել ինքնաթիռ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Gazette թերթին:
Չնայած Կոլորադոյում մարիխուանայի օգտագործումը դարձել է օրինական, դեռ պահպանվում են որոշակի սահմանափակումներ: Կոլորադոյի բնակիչները չեն կարող մարիխուանա տանել ինքնաթիռ: ԱՄՆ-ում թռիչքները կարգավորող նորմերն արգելում են ղեկավարել ինքնաթիռը, եթե հայտնի է, որ դրանում մարիխուանա կա:
Տեղական ոստիկանության պետ Փիթ Քերին նշում է, որ բարձրանալով ինքնաթիռ՝ ուղևորը հայտնվում է դաշնային իրավասության ներքո, այդ պատճառով կարող է ձերբակալվել և տուգանվել: Սակայն օրենքն ուղևորին արգելում է նաև թողնել մարիխուանան օդանավակայանի մոտ կայանած իր ավտոմեքենայում:
Կոլորադոյի Սփրինգս քաղաքի օդանավակայանի ղեկավարությունն ընդառաջել է մարիխուանայի սիրահարներին և չորեքշաբթի օրվանից սկսել է տեղադրել «ներման տուփեր» ուղևորների ստուգման կետերի առաջ: Ուղևորները կարող են ազատվել մարիխուանայից՝ այն նետելով կանաչ տուփի մեջ: Դրանից հետո թմրանյութը կոչնչացվի:










