ՀՀԿ-ի ներսում երբեք գզվռտոց չի լինի, նրանք մի ճյուղի վրա են նստած, ճյուղը կկոտրվի. Գուրգեն Եղիազարյան

12:16 • 16.01.14

Կարիք չկա այսօր խմորումներ փնտրել Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում, վերջին շրջանի խոսակցություններն առ ոչինչ են, նրանք երբեք ներսում լուրջ գզվռտոց չեն սարքելու: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի և իշխող կուսակցության միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը:


«Դա բացառված է։ Ի՞նչ է նշանակում, որ նրանք մի ճյուղի վրա նստած գզվռտոց սարքեն. կկոտրվի ճյուղը»,- ասաց նա:


Իսկ Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալը պայմանավորեց նրանով, որ վերջինս այլևս ճար չունի, նրան վաղը շատ հարցեր են տալու «Մարտի 1-ի» և այլ երևույթների մասին, և դա կանխելու համար նա նման բաներ է անում:


«Հայաստանի երկրորդ նախագահի տարեմուտի հարցազրույցը ոչ թե երկրի ծանր վիճակի պատճառով էր, այլ նրա ակտիվությունը ուրիշ նպատակ ունի. ի՞նչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:


Վերջինիս խոսքով՝ Քոչարյանի հիմնական թիրախը «օֆշորի լավագույն մասնագետը» չէ (նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին), այլ հենց Սերժ Սարգսյանն է: «Տարեմուտին Քոչարյանը դեղին քարտ ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Հնարավոր է նա նշանակվի վարչապետ»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։