Հայաստանի թռչունների պահպանման միությունը մրցույթ է անցկացրել և որոշել «Տարվա թռչուն 2014»–ին
Հայաստանի թռչունների պահպանման միությունը հասարակական քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում ընտրվել է 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: Հոպոպը ճանաչվել է Տարվա թռչուն։
Միության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է Հայաստանի բնակչության ուշադրությունը հրավիրել թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Հարցումը մեկնարկել է հոկտեմբերի կեսերին և մասնակիցներին հնարավորություն է տրվել քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) էլեկտրոնային կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվել են քվեաթերթեր:
«Տարվա Թռչուն 2014–ի» թեկնածու թռչուններն են եղել` սև անգղը, հոպոպը, ամուրիկը, սովորական կիվիվը, սովորական հողմավար բազեն, երկնագույն ալկիոնը, սև ագռավը, եվրոպական բվիկը, սև կեռնեխը և կարմրակտուց սուզաբադը:
Հարցմանը մասնակցել է 1592 հոգի, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման և քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում 313 ձայնով Հոպոպը ճանաչվել է Տարվա թռչուն:
Հայաստանի թռչունների պահպանման միությունը մանրամասներ է ներկայացնում թռչնի մասին։
Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով և փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Զանգվածը`68-72 գր, թևերի բացվածքը` 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։
Հոպոպը լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում: Հայաստանում դեռևս չեն իրականացվել ուսումնասիրություններ պարզելու համար Հոպոպի պոպուլյացիայի քանակը, սակայն թռչնաբանների կողմից իրականացվող պարբերաբար դիտարկումները ցույց են տալիս, որ Հոպոպի թվաքանակը Հայաստանում գտնվում է համեմատաբար կայուն վիճակում: Հոպոպը ցերեկային կենսակերպ վարող թռչուն է նրա ակտիվությունը սկսվում է արևի առաջին իսկ շողերից և շարունակվում է մինչև ուշ երեկո: Օրվա ընթացքում սնվում է տարբեր միջատներով և նրանց թրթուրներով որոնց գտնում է գետնի վրա:
Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ անցկացնելով հողի վրա` նա կարողանում է բավականին արագ տեղաշարժվել գետնի վրայով, իսկ անսպասելի վտանգի դեպքում, երբ փրկվելու հնարավորությունը աննշան է, հպվում է գետնին, տարածում է պոչն ու թևերը և թեթևակիորեն բարձրացնում կտուցը: Հոպոպի թռիչքը նման է թիթեռի թռիչքին, այնուհանդերձ, հոպոպը կարողանում է բավականին լավ մանևրել, և գիշատիչներին հազվադեպ է հաջողվում որսալ նրան օդում:
Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով պատված բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ մարգագետինները կամ արոտավայրերն են, սակայն մեծ քանակությամբ տարածված է նաև այգիներում, պուրակներում, մրգատու այգիներում։ Նաև հանդիպում է բնակելի տարածքների մոտ: Բնադրում է ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, քարակույտերում:
Թխսակալման և ձագերին կերակրելու ընթացքում հասուն առանձնյակների և ձագերի մոտ պաշտպանության համար արտադրվում է հատուկ յուղանման հեղուկ, որն արձակվում է պոչուկային գեղձից և ունի սուր, տհաճ հոտ: Յուղանման այդ հեղուկը նրանք արձակում են նաև թշնամու ուղղությամբ, երբ վերջինս փորձում է ստուգել արդյոք ծառի փչակը բնակեցված է Հոպոպի կողմից, թե ոչ: Հոպոպի բնի շրջակայքում միշտ առկա է այդ տհաճ հոտը, ինչն էլ նրան օգնում է պաշտպանվել որոշ գիշատիչներից: Հոպոպը վերադառնում է Հայաստան մարտ- ապրիլ ամիսներին: Վերադառնալուն պես արուները զբաղեցնում են բազմացման համար իրենց կողմից ընտրված տարածքը և ցուցաբերում են ակտիվ վարք`արձակում են բարձր, երբեմն էլ խուլ կրկնվող ձայներ, փորձելով գրավել էգերի ուշադրությունը: Հանդիպում են դեպքեր, երբ միևնույն տարածքը մի քանի տարի անընդմեջ օգտագործվում է նրանց կողմից: Որպես կանոն երկու զույգերի հարևանության ժամանակ արուների միջև բնակավայրի սահմանային հատվածում տեղի են ունենում կռիվներ, այդ իսկ պատճառով երկու զույգի նույն տարածքում շատ հազվադեպ կարելի է հանդիպել:
Հետաքրքիր է նաև իմանալ, որ`
• Հոպոպն ունի խուլ ձայն, որը գարնանը և ամռանը նա կրկնում է րոպեում 30 անգամ:
• Հոպոպին հեշտ է ճանաչել թռիչքի ընթացքում, քանի որ նրա թռիչքը նման է թիթեռի թռիչքին:
• Սնվում է մինչև 10սմ երկարություն ունեցող թրթուրներով, ինչպես նաև այնպիսի տեսակներով, որոնց մարդիկ համարում են գյուղատնտեսության և անտառային կուլտուրաների վնասատուներ:
• Թխսում է միայն էգը, իսկ արուն զբաղվում է կերի որոնմամբ:
• Գլխի վրա ունենալով հատուկ մկաններ` կարողանում է բացել կտուցը հողի մեջ:
• Հին Եգիպտոսում Հոպոպը համարվել է Սուրբ թռչուն, պատկերված է եղել բուրգերի ու տաճարների պատերին, հիշատակվել է նաև Աստվածաշնչի ու Ղուրանի մեջ:
• Իր կանչի շնորհիվ «ուպ-ուպ-ուպ» Հոպոպը ստացել է իր անվանունը տարբեր լեզուներում:
• Կյանքի միջին տևողությունը նրանց մոտ կազմում է 10 տարի:










