Բան ունի ասելու, թող բանավեճ հրավիրի. Հովհաննես Իգիթյանը՝ Ռ. Քոչարյանի մասին
ՀՀ երկրորդ Նախագահն իրականում քննադատելու իրավունք ունի, բայց ասելիքը այլ կերպ է պետք տեղ հասցնել, նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց վերակազմավորված «Հայով համազգային շարժում» կուսակցության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությանը:
«Բան ունի ասելու, թող որևէ տեղում բանավեճ հրավիրի, ոչ թե հարցերն ինքն իրեն գրի, պատասխանի, նոմենկլատուրային աշխատողներին հրավիրի կամ կուսակցության ժողով հրավիրի, ռոլիկներով դնի, հետո հաշվի՝ քանի հոգի է դա նայում»,- ասաց նա:
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեր լրագրողների հետ ու պատասխաներ վերջիններիս հարցերին, քանի որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչն է հուզում ժողովրդին:
«Արդյոք Ռոբերտ Քոչարյանի՞ ցանկությունն է վերադառնալ քաղաքականություն: Հայաստանում իշխանության վերադարձի համար կամ ընտրություններ պիտի լինեն, պիտի գնաս Սերժ Սարգսյանի մոտ, ասես՝ ոնց որ ես ժամանակին ապահովեցի քո ընտրությունը՝ ադմինիստրատիվ, վարչական, ֆինանսական ռեսուրսներով, նույն կերպ դու պիտի վարվես, հիմա քո հերթն է, բայց ես նման բան դեռ չեմ տեսնում»,– ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը նաև նշեց, թե մեկ այլ հարց էլ կա. եթե նա ուզում է դառնալ վարչապետ, ոչ թե պետք է քննադատի, պիտի գնա Նախագահի մոտ և հայտնի իր մտադրություններին մասին։
«Բաղրամյանի տեղը գիտի, նաև՝ դաչայի, պիտի գնա, ասի՝ ուզում եմ դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանը, եթե Քոչարյանն ուզի, հավատացե՛ք, կընդառաջի, հինգ րոպեից նա կդառնա վարչապետ, սակայն ես չեմ կարծում, որ նա ուզում է այսօր դառնալ վարչապետ»,- կարծիք հայտնեց նա:
Հովհաննես Իգիթյանը միաժամանակ նկատեց, որ ՀՀ երկրորդ նախագահի ասածներում որևէ նոր բան չկա, ավելին՝ պարզունակ կերպով ներկայացվեց արդեն վաղուց ասվածը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու քննադատելուն, ապա նշեց. «Նա, պարզ է, չի քննադատում, քանի որ Մաքսային միության կողմնակից է: Երեք նախագահներն էլ կողմնակից են Մաքսայինին, և սա միավորում է այդ երեքին: Սակայն ես կարծում եմ, որ այդ ճանապարհը կործանարար է»։










