Կիևում վրացի «օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)

11:55 • 16.01.14

Կիևում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Քութաիսիից երեք մարդ, որոնցից երկուսն «օրենքով գողեր» են, իսկ երրորդը դեռ հավակնում է այդ «տիտղոսին», տեղեկացնում է Prime Crime կայքը։

 

BMW մակնիշի մեքենայում ոստիկանները ճանաչել են իրենց «հին ծանոթին»՝ 39-ամյա Պոլիկարպ Ջանելիձեին, ով անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալվել և արտաքսվել էր Ուկրաինայից։ Ակնհայտ է, որ 3 տարի Ուկրաինա այցելելու իրավունքից զրկվելը չի խանգարել «գողին» վերադառնալ երկիր։

 

Արտասահմանյան մեքենայի երկրորդ ուղևորը 41-ամյա «օրենքով գող» Վլադիմիր Ջավախաձեն է, նույն ինքը՝ Կուրշան կամ Վալերա Քութաիսկին։ Չնայած լայն ճանաչելիությանը՝ Ջավախաձեն շատ փակ կյանքով է ապրում։
Փաստացի 1998թ.-ից ի վեր նա ոստիկանություն չի ընկել, չնայած նրա մասին միշտ խոսվել է։

 

Կայքի տեղեկություններով՝ հենց Կուրշան է 2002թ.-ին «թագադրել» Պոլիկարպին։ Իսկ Ջավախաձեին «կյանքի ուղեգիր» է տվել Քութաիսիից «օրենքով գող» Դաթո Սեբիսկվերաձեն, որի 39-ամյա որդին՝ Վալերին, գտնվել է ձերբակալված երկու «օրենքով գողերի» հետ։

 

Սկզբի համար 3-ը տուգանվել են 190 գրիվենով, այն բանի համար, որ ձերբակալության պահին ոստիկանության աշխատակիցների հասցեին անվայելուչ արտահայտություններ են արել և հրաժարվել են կատարել նրանց պահանջները։

Ստուգվելու է, թե արդյոք նրանք օրինակա՞ն են գտնվել Ուկրաինայի տարածքում, և չի բացառվում, որ նրանք կարտաքսվեն։