Չնայած ՍԴ-ի նմանօրինակ որոշման նախադեպ չկա, սակայն ՍԴ դիմած 4 քաղաքական ուժերը օբյեկտիվ վճռի հույս ունեն
Չնայած ընդամենը մեկ նախադեպ է եղել, սակայն 4 քաղաքական ուժերը հույս ունեն, որ Սահմանադրական դատարանն իր մեջ կգտնի այնքան ուժ, որ անաչառ որոշում կայացնի: Այսօր «Մեդիակենտրոնում» 4 քաղաքական ուժերի, «Դեմ եմ» նախաձեռնության անդամների և իրավապաշտպանների մասնակցությամբ քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Մերի Խաչատրյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ նշված միակ նախադեպը, այն էլ գրեթե, եղել է 2003 թ. նախագահական ընտրություններից հետո, այն է՝ վստահության հանրաքվե անցկացնելու ՍԴ որոշումը, չնայած իրավիճակի փոփոխությունից հետո, այն ներկայացվեց որպես խորհրդատվական:
«Ցավոք սրտի, հետո ՍԴ-ն հետևողական չեղավ»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը, սակայն նշեց, որ եթե հասարակությունը բավականաչափ ակտիվ լինի, ապա նման որոշման կարելի է հասնել:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի հոդվածների՝ պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը վիճարկող ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանը կքննի 2014-ի մարտի 28-ին:
Իսկ մինչ այդ, կքննի նաև դիմող կողմի միջնորդությանը՝ մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող և դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող դրույթները:
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» էլ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ձևականության համար չեն մտնել ՍԴ, այլ ելնելով այն համոզմունքից, որ օրենքում առկա մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը:
Լրագրողի հարցին, թե Կառավարությունը վայելու՞մ է այնպիսի վստահություն, որ հասարակությունը հանգիստ խղճով վճարի այդ 5 տոկոսները՝ առանց վախենալու, որ վաղը կարող է իշխանափոխություն լինել և այդ գումարները չեն փոշիանա, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանության նկատմամբ 95 թվականից ի վեր չկա վստահություն. «Երբ առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները, որը վերականգնվեց 99-ին ու տևեց մինչև հոկտեմբերի 27-ը՝ մի կարճ ժամանակահատված միայն»:
Նա հավելեց, որ հասարակությունը տեսնում է, որ իշխանությունը անընդհատ նոր մեխանիզմներ է գտնում «փող պոկելու համար». արագաչափեր, «Ապպա» համակարգ, «կարմիր գծեր»: Այն դեպքում, երբ քաղաքացուն հնարավորություն չեն տալիս աշխատելու:
«Հայ ազգային կոնգրեսից» Վահագն Խաչատրյանը նկատեց , որ ամենամեծ պրոբլեմն այն է, որի մասին խոսում է նաև Տիգրան Սարգսյանը ու ավելացրեց. «Այդ վստահությունը չի լինի, քանի դեռ այս իշխանությունների ոչ լեգիտիմությունը կա»:










