Հայտնի է դարձել Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնի նոր թեկնածուն
Ericsson ընկերության գործադիր տնօրեն Հանս Վեսթբերգը հայտնվել է Microsoft կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին, որը վկայակոչել է անանուն աղբյուրների:
Microsoft-ում Սթիվ Բալմերի հաջորդի մասին լուրերը չեն մեկնաբանել: Մեկնաբանություններից հրաժարվել են նաև Ericsson-ում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները Բալմերին փոխարինողների թվում էին նշել ևս մի քանի թոփ-մենեջերների, մասնավորապես՝ Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Իլոպին և Skype-ի նախկին ղեկավար Թոնի Բեյթսին: Microsoft-ի տնօրենի պաշտոնի այլ թեկնածուների թվում են նաև Սատյա Նադելան, որը Microsoft-ում պատասխանատու է «ամպային» նախագծերի համար, և Ford-ի գլխավոր տնօրեն Ալան Մուլալին, որը, սակայն, հայտարարել է, որ կմնա ավտոմոբիլային կոնցեռնում առնվազն մինչև 2014 թվականի ավարտը:
Բալմերին փոխարինողի որոնումները ղեկավարող անկախ տնօրեն Ջոն Թոմփսոնն անցած տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ որոնման գործընթացն ընկերությունում կավարտվի 2014 թվականի սկզբին: Թոմփսոնը նշել էր, որ թեկնածուների նախնական ցուցակն ընդգրկել է 100-ից ավելի անուն:










