Մեքսիկական զորքերը գրավել են «թմրատամպլիերների» մայրաքաղաքը
Մեքսիկայի դաշնային զորքերը գրավել են Միչոական նահանգի Ապատսինգան քաղաքը, որը համարվում է «Տամպլիերների օրդենի ասպետների» թմրակարտելի բազան, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Զինվորականները նաև զինաթափել են 200 ոստիկանի, որոնց մեղադրել են կարտելի անդամների հետ գործարք կնքելու համար: Իշխանությունները նշել են, որ կարողացել են ընդհանուր առմամբ վերահսկողություն սահմանել Մեքսիկայի հարավում գտնվող 17 քաղաքներում, որտեղ նախկինում իշխում էին թմրավաճառները: Գործողության ընթացքում զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Ապատսինգանը գրավելուց մի քանի շաբաթ առաջ թմրակարտելի անդամների դեմ ակտիվ պայքարել են նահանգի բնակիչները, որոնք դրա համար ջոկատներ են կազմել: Բնակիչներին հաջողվել է «տամպլիերներին» դուրս հանել մի քանի քաղաքներից:
Միչոական նահանգի բնակիչները տարիներ շարունակ բողոքում էին ոստիկանների անգործության դեմ՝ վերջիններիս մեղադրելով ծախված լինելու համար:










