ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսել է քննարկել Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը. Նուլանդ

13:43 • 16.01.14

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն քննարկում է ուկրաինական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը լուծելու հնարավոր տարբերակ, գրում է Обозреватель-ը։

 

Այդ մասին նա հայտարարել է ուկրաինական հարցի քննարկման ժամանակ, որը կայացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակում։

 

«Բռնության կիրառումը և կառավարական հատուկ ստորաբաժանումների գործողությունները ստիպել են մեզ հրապարակայնորեն և Ուկրաինայի ղեկավարության հետ անձնական զրույցների ընթացքում հայտարարել, որ մենք գործիքներ կկիրառենք, եթե Ուկրաինայում իշխանություն ունեցողները բռնություն կիրառեն իրենց քաղաքացիների նկատմամբ»,- ասել է Նուլանդը։

 

Նա վստահեցրել է նաև, որ Պետդեպարտամենտը շարունակում է քննարկել այն անունները, որոնք կարող են հայտնվել «սև ցուցակում», և այդ գործընթացը կշարունակվի առաջիկա շաբաթների ընթացքում։