Ընդդեմ կուտակայինի կապանյան խումբն սպասում է Երևանի համախմբմանը

20:34 • 16.01.14

Սյունիքի մարզկենտրոն Կապանի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող խումբն սպասում է Երևանում հունվարի 18-ին կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համախմբմանը, որպեսզի իրենք նույնպես պլանավորեն իրենց հետագա անելիքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը:

 

«Մինչև հունվարի 18-ը կամ 18-ին ինչ-որ միջոցառում չի նախատեսվում, բայց մենք մեր խմբով քննարկել ենք, որ իրոք ինչ-որ բան անելու անհրաժեշտություն կա, բայց սպասում ենք Երևանի կուսակցությունների և քաղաքացիական կազմակերպությունների համախմբմանը։ Տեսնենք, թե ինչպես են կարողանում համախմբել կուսակցություններին և քաղաքացիական ակտիվիստներին, որպեսզի մենք էլ կարողանանք համախմբված դուրս գալ պայքարի»,-ասաց նա՝ նշելով, որ Կապանում կուսակցություններն էլ սպասում են, տեսնեն՝ Երևանում համախմբվածությունն ինչպես է ստացվում, որպեսզի իրենք էլ կարողանան համագործակցել:

 

Հունվարի 18-ից հետո նրանց ձեռնարկելիք քայլերը քննարկվել են, սակայն այս պահի դրությամբ նախաձեռնության որոշ անդամներ Կապանում չեն, բայց, ինչպես մեր զրուցակիցը նշեց, հունվարի 20-ին կգան և հստակ կորոշեն անելիքները:


Արմեն Փարսադանյանը նաև նկատեց, որ նախորդ բողոքի ակցիայի վերաբերյալ շատ դրական արձագանքներ են ստացել, և եթե երկրորդ անգամ բողոքի ակցիա կազմակերպեն, ավելի շատ մարդ կմասնակցի, քան՝ նախորդ անգամ։

 

Ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիների նկատմամբ մարզային իշխանությունների վերաբերմունքին՝ ՀԿ նախագահն ասաց, որ իրենց նպատակն է՝ ավելի շատ գրավել վերին օղակների ուշադրությունը, քան՝ մարզպետարանի: «Ես ասել եմ, որ պատասխանատու եմ մեր ակցիաների՝ օրինական լինելու համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մարզպետարանը մինչ այսօր իրենց ակցիային որևէ կերպ չի արձագանքել: