Սիրիահայերն իրենց միջև բաշխվող գումարների մասին պարզաբանումներ են ստացել Սփյուռքի նախարարից

22:57 • 16.01.14

Սփյուռքի նախարարությունն օրեր առաջ սիրիահայերի հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել է, թե որքան են կազմում նրանց օժանդակելու նպատակով Հայաստան մուտք գործած գումարները, և քանի ընտանիքի է նպաստ հատկացվել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց սիրիահայ Ռոբերտ Սուլահյանը, ով արդեն մեկ տարի է՝ փոխադրվել է Երևան և աշխատում է «Ռաֆայել» բժշկական կենտրոնում։ Նա Facebook սոցիալական կայքում «Հալեպահայեր» (Armenians of Aleppo) անվամբ խմբի 4 կառավարիչներից մեկն է։

 

Նա տեղեկացրեց, որ հանդիպումը տևել է շուրջ 80 րոպե, որի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է բոլոր գումարների ելքերն ու մուտքերը:


«Մենք անհամաձայնության հարց չունենք, պարզապես՝տեղյակ չէինք, թե ինչպես են բաշխվել գումարները: Հիմա արդեն բոլոր սիրիահայերը տեղեկացան: Իսկ մնացածն արդեն մեր գործը չէ՝ ճի՞շտ են բաշխվել, ամբողջությա՞մբ են բաշխվել: Բայց մենք իմացանք, թե որ ընտանիքին որքան գումար է տրվել»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիահայ ակտիվիստների խումբը մամուլի ասուլիս էր հրավիրել և պարզաբանում խնդրել Սփյուռքի նախարարությունից, թե սիրիահայերին տրամադրվող նպաստը որքանով է ճիշտ ու թափանցիկ բաշխվում։

 

Ռոբերտ Սուլահյանն ընդգծեց, որ հանդիպումից պարզ է դարձել, որ նախարարությունն իր ձեռքով որևէ գումար չի բաժանել, դա իրականացրել է «Սիրիահայերի խնդիրների համակարգման կենտրոնը»:

 

«Նախարարությունը միջոց էր, որ այդ օգնությունները հասնեն ու բաժանվեն սիրիահայերին: Եթե քննության կարիք լինի, ապա պետք է քննվի հենց այդ կենտրոնը. խոսքը հաշվապահական քննության մասին է, բայց ես իրավունք չունեմ կասկածելու: Մենք միայն ուզում էինք իմանալ, թե որքան գումար է եկել սիրիահայերի համար, և արդյո՞ք դրանք բաժանված են»,-ասաց նա:
Ռոբերտ Սուլահյանը խոստացավ, որ հանդիպման տեսանյութն առաջիկա օրերին կտեղադրվի Yuotube –ում: