Ո՞ւմ միջոցով Ռ. Քոչարյանը պետք է վերադառնա քաղաքականություն. Վլ. Կարապետյանը երկրորդ նախագահի վերադարձի մասին
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնին, ասաց. «Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով»:
Մասնավորեցնելով ասաց, թե երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է հայտարարությունով հանդես գալիս, դրան հաջորդում են հարյուրավոր համախոհների արձագանքներ, մեկնաբանություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման բան տեղի չունեցավ. «Դուք տեսնո՞ւմ եք մեկին քաղաքական դաշտում, որ նրան պաշտպանի: Տիգրան Սարգսյանին իր վերլուծություններից հետո պաշտպանողներ եղան, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ»:
Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե այս ամենը ժողովրդին շեղելու փորձեր են. «Սակայն մեզ մեր ուղուց չեն շեղելու, չեն կարող շեղել»:
Անդրադառնալով հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքին, Վլադիմիր Կարապետյանը համոզմունք հայտնեց, թե հեռանկար տեսնում է, որ խորհրդարանական ընդդիմության և նրանց միացած ուժերի համախմբումը դրական տեղաշարժ առաջացնի երկրի ներքաղաքական կյանքում:
Խոսելով արտաքին քաղաքականության հնարավոր մարտահրավերների մասին, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, թե պետք է ձևավորվի դրական միջավայր՝ երկրի և բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
«Սերժ Սարգսյանի իշխանության 6 տարիների ընթացքում առհասարակ որևէ բան չի արվել՝ մեր հարևան պետությունների հետ փակուղին ճեղքելու առումով»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, թե անցած տարվա ընթացքում ավելի քան 2 անգամ պակասել են երկրում կատարված ներդրումները:
Մասնավորեցնելով հարևան պետությունների հետ հարաբերությունները, ասաց, որ Վրաստանի հետ ավելի են լարվել հարաբերությունները: «Նախկինում տարվա մեջ նույնիսկ երկու անգամ էին նախագահները հանդիպում, իսկ այս տարի ընդհանրապես հանդիպում չեղավ: Առհասարակ, Վրաստանը որևէ հետաքրքրություն չունի Հայաստանի նկատմամբ: Մեր բնակիչներն են ներդրումներ անում Վրաստանում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա կարծիքով, թեև միջազգային հանրության և Իրանի միջև վերջին զարգացումները շատ հուսադրող են, և Հայաստանը պետք է որ նույնպես օգտվեր դրանից, սակայն այդպես չեղավ: «Ավելին՝ 10 տոկոսով նվազել է առևտրաապրանքաշրջանառությունը»,- ընդգծեց բանախոսը:
Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ զարգացումներից խոսելով, ասաց, թե կարող է շատ հոռետեսական գնահատականներ տալ:
«Թուրքիայի հետ գրանցել ենք է՛լ ավելի նվազում՝ փոխվստահության մակարդակում: Կրկին Հայաստանի պաշտոնյաները հասկանալի պատճառներով խուսափում են հանդիպել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Տարակուսելի է, որ Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, թե անցած տարվա ընթացքում Թուրքիայից ներմուծել ենք շուրջ 200 մլն դրամի ապրանք, սակայն դեպի Թուրքիա արտահանել ենք ընդամենը 1,5 մլն-ի ապրանք:
ԼՂՀ-ում նույնպես որևէ տեղաշարժ չկա: «Տեղաշարժ չեմ կարող համարել այն, որ 2 տարվա ընդմիջումից հետո Ալիևն ու Սերժ Սարգսյանը հանդիպեցին»,- ասաց նա։










