Ֆիլիպինցի հոգևորականները զենք կրելու իրավունք են ստացել

23:45 • 16.01.14

Ֆիլիպինցի հոգևորականները զենք կրելու իրավունք են ստացել: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:


Այս հակասական օրենքն ընդունվել է ֆիլիպինցի օրենսդիրների կողմից՝ տեղական մի քանի մասնագիտությունների վտանգավորության մակարդակի աճի  պատճառով: Այսուհետ զենք կարող են կրել բժիշկները, հոգևորականները, լրագրողները, հաշվապահները, դատավորները, բուժքույրերն ու բանկերի գանձապահները:


Ի տարբերություն զենքի մասին նախկին օրենքի՝ այս մեկն ավելի դյուրին է դարձնում զենքի համար թույլտվություն ստանալու գործընթացը: Եթե նախկինում վերը նշված մասնագետներին անհրաժեշտ էր լինում ներկայացնել իրենց կյանքին սպառնացող վտանգի ապացույց, ապա այս պարագայում անհրաժեշտ կլինի մի քանի թեստ անցնել թմրանյութերի հանդեպ կախվածության և հոգեկան կայունության վերաբերյալ, ինչպես նաև՝ կպահանջվի հերքող փաստաթուղթ առ այն, որ նրանք առավել քան 2 տարի կալանքի տակ չեն եղել և չեն դատվել:


Սակայն միայն թույլտվությունը բավարար չի լինի: Քաղաքացիներին անհրաժեշտ կլինի արտոնագիր՝ տվյալ զենքն իր տնից դուրս օգտագործման համար:


Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Ֆիլիպիններում առավել շատ վտանգի ենթարկվողները լրագրողներն են: 1992թ.-ից Ֆիլիպիններում սպանվել է 74 թղթակից: