Այս ամեն ինչի հիմքում ինքն է ու իր չար քաղաքականությունը. Անահիտ Բախշյանը՝ Ռոբերտ Քոչարյանի «խոսելու» մասին

18:45 • 17.01.14

Ռոբերտ Քոչարյանի ասած յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենաճիշտ միտք անընդունելի է: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով նրա վերջին հարցազրույցներին:

 

«Ինքն ընդհանրապես իրավունք չունի հիմա խոսել այսօրվա կառավարության կամ տնտեսության մասին, որովհետև էս ամեն ինչի հիմքում ինքն է և իր չար քաղաքականությունը,-ասաց Անահիտ Բախշյանը և հավելեց,–այն, ինչ Հայաստանում կատարվում է, որը անուն չունի, եթե մի բառով ներկայացնեմ իմ ողջ ընդվզման աստիճանը, ապա ասեմ, որ իրեն ոչ մի բան իրավունք չի տալիս խոսել, արձագանքել, պատասխանել, որովհետև ինքն այն նախագահն էր, որը շարունակում եմ կրկնել և ասելու եմ մինչև մեռնելս՝ եկավ արյունով, գնաց արյունով: Ինքը չար, ժողովրդին չսիրող, պետությունը չհարգող, չգնահատող անհատ է»:

 

Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի ասած որևէ միտք կամ գնահատական Անահիտ Բախշյանի համար «գրոշի արժեք չունի»:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարի 30-ից այս կողմ ՀՀ երկրորդ նախագահը հանդես է եկել 2 հարցազրույցով, իսկ նրա գրասենյակը՝ 2 հաղորդագրությամբ, որոնցում արմատապես քննադատության է ենթարկում ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը, «գազային» համաձայնագրերը, կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը, խոսում երկիրը համակած ապատիայի, արտագաղթի և այլ երևույթների մասին:

 

 

Ի պատասխան հարցի, թե իր կարծիքով՝ սրանք սոսկ գնահատականնե՞ր են, թե՞ կան այլ հավակնություններ, շարժառիթներ կամ դրդապատճառներ, մասնավորապես, քաղաքականություն վերադառնալու, ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց. «Իհարկե ունի, իհարկե հիմա փորձում է իր, այսպես ասած, արահետը բացել մինչև 2018 թ. ընտրությունները»:

 

Անահիտ Բախշյանի պատկերավոր ներկայացմամբ՝ հիմա Ռոբերտ Քոչարյանը փորձում է լակմուսի թղթերով որոշել գունավորումները, երանգավորումները, թե ինչ քայլերով գա, ինչ կերպարով ու ինչ խոսքերով: