Անհրաժեշտ է ադեկվատ և էֆեկտիվ գործողություն. Անդրիաս Ղուկասյան

12:19 • 17.01.14

Գազի գինն իրոք մարտահրավեր է մեր հանրության զգալի հատվածի համար, և բնականաբար անհրաժեշտ է «ադեկվատ և էֆեկտիվ գործողություն». այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:


Նա տեղեկացրեց, որ այսօր «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարան, չնայած Վարչական դատարանից մերժում ստանալով, մեծ ակնկալիք չունի։


«Մենք սա որպես շանս ենք դիտարկում իշխանություններին։ Վստահություն չկա դատարանների նկատմամբ, բայց շանս է իշխանություններին՝ հետ կանգնելու այն որոշումներից, որոնք բերեցին այսօրվա վիճակին։ Այդ դիմումով պետությանը շանս է տրվել հարցը լուծել առանց կոնֆլիկտի, իսկ հանրությանը կոչ ենք անելու միավորվել»,- ասաց նա և ավելացրեց, թե այնպիսի իրավիճակ է, որ քաղաքացիական անհնազանդությունն արդարացված է։


Քաղաքագետը, սակայն, նկատեց, որ ի տարբերություն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ շարժմանն ու բոյկոտին, գազի գնի դեպքում քաղաքացիական անհնազանդություն դրսևորելու համար ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ։


«Տրանսպորտի սակագնի իրադրության հետ կապված տեսանք, թե ինչպես փոքր խմբերով ակտիվիստները կարողացան դարձնել անհնազանդությունը զանգվածային, այստեղ ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի միավորեն մարդկանց գործողությունները։ Հետագա օրերին մեր նախաձեռնությունը հանդես կգա հայտարարությամբ՝ թե ինչպես վարվել այս իրողության մեջ։ Այսօր առանց անհնազանդության անհնար է, այդ բեռն անտանելի է»,- ասաց նա։


Բանախոսը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ կոչ չի արվում, որովհետև հասկանում են, որ ավելի արդյունավետ կլինեն այն գործողությունները, որոնք քաղաքացիները կիրականցնեն միասնական։ «Անհատական կոմունալների չվճարելը առաջ կբերի անհատական անջատման, պետք է միասնական լինել»,- ասաց նա։


Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ երկրում ձևավորվող սուր սոցիալական խնդիրը լավ տեսնում ու հասկանում են իշխանությունները, և, ըստ նրա, նրանք ամեն կերպ փորձում են շեղել հասարակությանը այս խնդիրներից՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցները։ «Քոչարյանի վերադարձի սպառնալիքը դառնում է քաղաքական գործիք»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է հունվարի 18-ին նախատեսված հանրահավաքին, ապա նա կանխատեսում է, որ այն այս տարվա առաջին ակցիաներից կլինի։ «Դա հարթակն է մոբիլիզացնելու ուժերը և ստեղծելու համատեղ պայքար»,- ասաց նա։


Իսկ նախաձեռնությանը միացած խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությունից նա առանձնապես ոգևորված չէ։ «Ես չեմ վստահում այդ խորհրդարանական ուժերին, որոնք այն հարցերի նկատմամբ, որոնք հանրությանն է հուզում, այնքան էլ ադեկվատ չեն արձագանքում։ Այն, որ խորհրդարանական ընդդիմության սատարումը մեկ կուսակցության մենաշնորհն է, դա փաստ է։ 2012թ-ին, երբ մանդատները վերցրեցին այդ կուսակցությունները, սխալ արեցին և մինչ օրս շարունակում են օրինականացնել քրեաօլիգարխիկ համակարգը»,- նշեց նա։