Կոնյակի շիշ, դոմինոյի հավաքածու, ծառի ճյուղ. Բաշկիրիայում ցուցահանդես են բացել հիվանդների մարմնից դուրս բերված «ցուցանմուշներով»
Բաշկիրիայի հիվանդանոցներից մեկի վիրաբույժները հավաքածու են ստեղծել այն իրերից, որոնք վիրահատությունների ժամանակ հայտնաբերվել են հիվանդների մարմիններում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Ընդհանուր առմամբ, հավաքածուում 70 տարբեր իրեր են, որոնք ցուցանմուշ են դարձել էնդոսկոպիայի բաժանմունքում։ Դրանց թվում են կոնյակի շիշ, եղունգներ, մետաղադրամներ, սպասքի պարագաներ։
Կենտրոնական տեղ է զբաղեցնում 27 մասերից բաղկացած դոմինոն։
«Այս հավաքածուն փոքր մասն է այն բանի, որոնք ամեն օր մարդկանց որովայնում և շնչուղիներում գտնում են բժիշկները։ Այն սկսել են հավաքել 2005թ.-ից, սակայն շուտով հասկացել են, որ այն կարող է հսկայական չափերի հասնել։ Ինչից հետո որոշվել է «գտածոները» վերադարձնել տերերին, իսկ հավաքածուում ընդգրկել միայն ամենաուշագրավ առարկաները»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը։
45 տարվա աշխատանքային փորձով վիրաբույժ Վլադիմիր Կամանևը պատմել է, որ աշխատելու տարիներին ինքն իր հիվանդների մարմնից հանել է ծառի մասեր, գնդիկավոր գրիչների կափարիչներ, անգամ՝ ատամի պրոթեզի մասեր։
Նոր տարվա օրերին նա վիրահատել և հիվանդի թոքերից հանել է եղևնու մնացորդներ։ «5 սմ երկարությամբ ճյուղը հիվանդը կուլ է տվել շոգեբաղնիքում՝ եղևնու ճյուղերով լոգանք ընդունելիս»,-ասել է վիրաբույժը։










