ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով բանակցությունները չեն ավարտվել. Լևոն Զուրաբյան

16:29 • 17.01.14

ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դեռևս քննարկման փուլում է և ձգձգման խնդիր չկա։ Այս մասին Tert.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

 

«Նախ բանակցությունները դեռ չեն ավարտվել, և հարցը դեռևս քննարկման փուլում է գտնվում»,-ասաց նա։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում՝ գազի գնի բարձրացման հարցը գաղտնի պահելու հանգամանքի հիման վրա՝ մատնանշելով, որ դրանով կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, «ՀՀ բյուջեի մասին» և «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքները։

 

Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ էր արել միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել և հրապարակավ պաշտպանել այն։

 

Նշենք նաև, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկելիք քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու և չէր բացառել, որ այս գործընթացը հետաձգվի անորոշ ժամկետով։

 

Այս առնչությամբ Լևոն Զուրաբյանը խորհուրդ տվեց. «Մամուլին մի հավատացեք, հավատացեք միայն մեր հայտարարություններին»։