Կիմ Չեն Ընի ազգականը մահապատժի է ենթարկվել սեքսի հանդեպ հակում ունենալու պատճառով. Bild
Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի անձնական խոհարար, ճապոնացի Կենջի Ֆուջիմոտոն հայտարարել է, որ իր ղեկավարն անձնական հարեմ է ունեցել, որտեղ աշխատել են նաև 15-ամյա աղջիկներ, և նրանց այնտեղ ուղարկել է ոչ այլ ոք, քան վերջերս մահապատժի ենթարկված Չան Սոն Տհեկը, գրում է InoPressa.ru-ն՝ Bild-ին հղումով։
Խոհարարի խոսքով, որը Հյուսիսային Կորեայում աշխատել է 1989-2011 թթ.-ին, աղջիկներին հարեմ ուղարկելուց առաջ ինքն է նրանց հարկադրել սեռական հարաբերություն ունենալ։
«Նրանք պետք է երգեին և պարեին հատուկ հանձնաժողովի առաջ։ Տհեկը սեռական հարաբերություն է ունեցել աղջիկներից շատերի հետ։ Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ Կիմ Չեն Ընը չի կարողացել ներել նրան և հրամայել է մահապատժի ենթարկել»,-ասել է խոհարարը։
Պարզվում է՝ Կիմ Չեն Ընն աշխարհում ամենից շատ նման երևույթներն է ատում։ «Բոլորը գիտեն, որ թե՛ նրա պապիկը՝ Կիմ Իր Սենը, թե նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, ունեցել են նման հարեմներ, և պետության ղեկավարը որոշել է ապացուցել, որ ինքն այլ է, և նման պրակտիկային վերջ է դրել»,-ասել է խոհարարը։










