Մալայզիայում նշում են մոլորակի ամենատարօրինակ տոներից մեկը (լուսանկարներ)
Մալայզիայում անցկացվում է աշխարհի ամենատարօրինակ փառատոներից մեկը՝ Թայպուսամը։ Հազարավոր հինդուիստներ հավաքվում են Կուալա Լումպուրից քիչ հեռու գտնվող լեռան մոտ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Այդ լեռան գագաթին է գտնվում քարանձավային վանքը, դեպի այն տանում են 272 աստիճաններ։ Ըստ առասպելի՝ սրբավայրում բնակվում է Մուրուգան անունով սուրբը՝ չարի հանդեպ բարու հաղթանակի, բարեգործության, ապաշխարության մարմնավորումը։
Տոնակատարությանը սկսում են պատրաստվել մեկուկես ամիս առաջվանից։ Հավատացյալները սահմանափակում են իրենց սնունդը, չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ և ավելի շատ մեդիտացիա են անում։
Երթի ընթացքում հինդուիստները գլխներին այրված կոկոսի փոշի են լցնում։ Շատ հավատացյալներ ծակում են այտերը և լեզուն սուր ասեղներով, մարմնի վրա կախիչներ են ամրացնում և դրանց վրայից կախում ծանր մետաղական կամ փայտե շրջանակներ՝ զարդարված ծաղիկներով և սիրամարգի փետուրներով, որոնք խորհրդանշում են աստվածության աչքերը։
















