Եկան, քսուքներ տվեցին, բայց էս հակասանիտարական պայմաններում ո՞նց ապրեն. Վ. Թումասյանը՝ Գյումրու հանրակացարանի բնակիչների մասին
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ուրախ է, որ բարձրացված աղմուկից հետո, այնուամենայնիվ, Գյումրու Գարեգին Նժդեհի 7 հասցեում գտնվող 2-րդ հանրակացարանի բնակիչները որոշակի բուժում ստացան, նրանց տրամադրվեց դեղորայք և քսուքներ, սակայն վստահ է, որ այդ ամենը «ծածկադմփոց անելու» և հարցը փակված համարելու համար էր:
«Էս խնդիրը չի կարող լուծվել, քանի դեռ աղբանոցի մեջ մարդիկ են ապրում, նրանց պետք է տեղափոխել տնակ, սոցիալական բնակարան, բայց եկան, դեղը տվեցին... Գիտեն, որ սոցիալական պատճառը հակասանիտարական վիճակն է։ Հակասանիտարական վիճակը չես փոխում, դեղը տալիս ես, որ ի՞նչ լինի: Բայց էդ հակասանիտարական վիճակը մնում է, ու գարնան գալու հետ, տաքերի հետ ավելի է լարվում, ու էդ բորբոքումներն ավելի շատ կլինեն»,- Tert.am –ին ասաց Վահան Թումասյանը:
Հիշեցնենք, որ վերջինս Tert.am-ին հայտնել էր, որ նշված հասցեի շուրջ 20 ընտանիք տառապում է մաշկային ինչ-որ հիվանդությամբ, և միայն տեղի «Ցայգ» հեռուստատեսությամբ թարախակալված ոտքերով երեխաների սարսափելի կադրերի հեռարձակումից ու կայքերում տարածվելուց հետո առողջապահության նախարարության մասնագետներն այցելեցին հանրակացարան՝ ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանի և ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի գլխավորությամբ։ Նրանք ախտորոշեցին մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) և նշանակեցին բուժում:
Ի դեպ՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը մինչ այդ պնդում էր, որ նշված հասցեում նման մարդիկ չեն բնակվում:
Վահան Թումասյանը նաև նշեց, որ ենթադրում է, որ բնակիչների հետ համապատասխան «դաստիարակչական աշխատանքներ» են տարվել, ու նրանք այդ պատճառով են հրաժարվել հիվանդանոց տեղափոխվել:
«Ավելի լավ կլիներ՝ էդ երեխաներին մի տասը օր պահեին, ոչ թե ողջունեին, որ հրաժարվել են, ու ասեին, որ դա շատ հասարակ հիվանդություն է, բոլորս էլ էդ հիվանդությամբ տառապում ենք»,-ասաց Վահան Թումասյանը:










