Ֆրանսահայերը դեմ են Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցին. Փարիզում, Մարսելում և Լիոնում բողոքի ցույցեր կլինեն
Ֆրանսահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այս տարի Թուրքիա կատարելիք պետական այցի դեմ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Ֆրանսիայի հայկական միությունների խորհրդի» անդամ, Ռամկավար ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանային վարչության ատենապետ Վազգեն Էսքիջյանը:
«Արդարև Ֆրանսիայի այս անպետք նախագահը որպես պետական այց է կատարելու Թուրքիա, այսինքն՝ իր հետ տանելու է բարձրաստիճան նախարարներ և գործարար մարդիկ՝ ստորագրելու թուրքերի հետ զանազան բնագավառներում և ոլորտներում համագործակցելու պայմանագրեր»,- ասաց նա:
Ֆրանսահայ քաղաքական գործիչը նաև նկատեց, որ մոտ 20 տարի է Ֆրանսիայի որևէ նախագահ պետական այցով Թուրքիա չի այցելել:
Ցույցի մասնակիցների հիմնական բողոքը կլինի այն, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և իրենք դեմ են վերջինիս Եվրամիությանն անդամակցությանը: «Այդ քաղաքների մարզպետարանների դիմաց գանգատվելու ենք այս Թուրքիա պետության դեմ, որը ժառանգորդն է Օսմանյան կայսրության»,- ասաց Վազգեն Էսքիջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրենք բազմաթիվ միջոցառումներ են իրականացնելու, որոնք կսկսեն այս տարվա փետրվարի 3-ից և կշարունակվեն մինչև 2015 թվականի նոյեմբերը: Հետագա քայլերն արդեն ժամանակի ընթացքում պարզ կլինեն:
Ցույցերը կազմակերպում է «Ֆրանսիայի հայկական միությունների խորհուրդը», որը հիմնել են այնտեղ գործող ազգային կուսակցությունները, մեծ կազմակերպությունները և միությունները:










