Հոնկոնգի հասարակական զուգարաններից մեկում հասարակաց տուն է հայտնաբերվել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունն առևտրի կենտրոններից մեկում կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող ընդհատակյա հասարակաց տուն է հայտնաբերել, որը նախկինում եղել է հասարակական զուգարան, գրում է ria.ru-ն՝ հղում անելով հոնկոնգյան South China Morning Post թերթին:
Ինն ամիս պատրաստվող ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել է 86 մարդ, այդ թվում՝ խմբավորման ենթադրյալ առաջնորդը։
Հայտնաբերված հասարակաց տունը զբաղեցրել է 150 քառակուսի մետր տարածք և գտնվել առևտրի կենտրոնի տղամարդկանց և կանանց զուգարանների տարածքներում:
Ոստիկանության տվյալներով՝ ընդհատակյա հասարակաց տունն աշխատել է 10 ամիս: Նույն շենքում ոստիկանությունը հայտնաբերել է ևս մի նման հաստատություն: Գաղտնիության նպատակով ծառայությունները մատուցվել են միայն մշտական հաճախորդներին: Ենթադրվում է, որ այդ ապօրինի գործունեությունից հանցագործների ամսական եկամուտը կազմել է առնվազն 300 հազար հոնկոնգյան դոլար (մոտ 40 հազար ԱՄՆ դոլար):










