Yahoo!-ի մենեջերին 100 մլն դոլար կտան հեռացման համար

14:37 • 17.01.14

«Ոսկե պարաշյուտը», որը կվճարվի Yahoo!-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Էնրիկե դե Կաստրոյին հեռացման համար, ամերիկյան կորպորացիաների պատմության մեջ ամենախոշորներից մեկը կդառնա, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Forbes-ին:

 

Ամսագրի տեղեկություններով՝ Yahoo!-ից հեռանալու համար դե Կաստրոյի փոխհատուցումը կկազմի 109 միլիոն դոլար: Եթե այդ գումարը բաժանվի ընկերությունում մենեջերի աշխատած օրերի քանակի վրա, ապա կստացվի օրական 244 հազար դոլար՝ ներառյալ նաև հանգստյան օրերը: Yahoo!-ում դե Կաստրոյին վճարվող գումարի պաշտոնական թիվը չեն հաստատել:

 

Ամսագիրն ընդգծում է, որ դե Կաստրոյի «ոսկե պարաշյուտը» գերազանցում է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող ղեկավարի՝ Oracle-ի տնօրեն Լարի Էլիսոնի տարեկան եկամուտը: 2013 թվականին Էլիսոնի եկամուտը կազմել է 70 միլիոն դոլար:

 

GMI խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2000-2012 թվականներին 100 միլիոն դոլարից ավելի գումարի «ոսկե պարաշյուտներ» են ստացել միայն 21 ամերիկացի թոփ-մենեջերներ: Վճարումների թվով առաջատարը General Electric-ի նախկին ղեկավար Ջեք Ուելշ է, որը 2001 թվականին ստացել է 417 միլիոն դոլար:

Yahoo!-ի մենեջերին 100 մլն դոլար կտան հեռացման համար