Պայքարը կշարունակվի ընդհուպ մինչև գործադուլներ, նստացույցներ. «Դ!եմ եմ» հանրահավաք-երթն ավարտվեց (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 18.01.14
17.05

 

«Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաք-երթն ավարտվեց Ազատության հրապարակում՝ մասնակիցների քոչարիով: 

 

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը։ «Հանրային անհնազանդության բոլոր մեթոդներով անելու ենք ամեն ինչ, որ հասնենք արդյունքի։ Պայքարը կշարունակվի ընդհուպ մինչև գործադուլներ, նստացույցներ, բոլոր հանրային անհնազանդության մեթոդներով։ Սա այն հարցն է, որի շուրջ միավորվել են բոլորը»,-նշեց անդամներից մեկը։

 


 

16.08

Բողոքի երթը ուղեկցվում է հայրենասիրական երգերով։ Ակտիվիստներն առաջ են շարժվում երգելով։ Երթը դանդաղ է առաջ գնում։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Օսիպյանը նշեց, որ երթի մասնակիցների խցանումները ոստիկանության մեղքով չէ, այլ ակտիվիստներն են կանգնում։

Նշենք, որ մինչ երթը հայտարարվեց, որ այն կրում է բացառապես խաղաղ բնույթ։ «Կոչ ենք անում հանգիստ, նշված երթուղով, առանց որևէ ավելորդության շարժվել առաջ, իսկ ոստիկանությունն ապահովելու է երթի նորմալ ընթացքը»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

 



15.35

Հավաքն արդեն ավարտվել է, այս պահին մեկնարկել է երթը։ Ցուցարարները կշարվեն Մաշտոի պողոտայով, Սայաթ–Նովա, Աբովյան փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղ էլ կավարտվի երթը։ 
 



15.26

Մենք ձեզ հետ միասին պետք է ասենք՝ ոչ. Արծվիկ Մինասյան

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, թե ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գազի, էլեկտրաէներգիայի սակագնին է թանկացել պարտադրվում է նաև «այս արատավոր կենսաթոշակային համակարգը»։
 

«Մենք ձեզ հետ միասին պետք է ասենք՝ ոչ։ Պետք է կարողանանք վճռական պայքար մղել: ՍԴ դիմումի կարևոր պայմաններից է, թե արդյո՞ք այս օրենքը, որ ներկայացվել է ներկա և ապագա սերունդների համար, համապատասխանում է հայ ժողովրդի կամքին»,-ասաց նա: Պատգամավորը տեղում ի լուր ՍԴ-ի հասարակությանը հարցրեց, թե կարո՞ղ են այս օրենքին ասել՝ ոչ, ինչին հավաքվածները դրական պատասխան տվեցին:


«Պատրա՞ստ ենք մինչև վերջ պայքարելու», «կարո՞ղ ենք մեր կամքը պարտադրել այս իշխանություններին» պատգամավորի հարցերը կրկին դրական պատասխան ստացան:


«Ուրեմն մինչև հունվարի 25-ը ՍԴ-ն պետք է լսի ձեր ձայնը, վճռական կոչը,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը,- մենք վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին, անկախ նրանից`ինչ որոշում ՍԴ-ն կկայացնի, մենք մեր պայքարն իրավունք չունենք թուլացնելու մինչև վերջ և բուն դատաքննության ժամանակ ցույց կտանք, որ հաղթեց հայ ժողովրդի կամքը։ Հաղթանակ՝ մեր ապագա և ներկա սերունդների համար»:


 


 
15.18
Քաղաքացիական ուժերն են իշխանության տիրապետողը, իսկ քաղաքական ուժերը պետք է ձգտեն լիազորված լինել այդ իշխանության համար

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն անդրադարձավ այն հարցին, թե քաղաքացիական այս շարժումը նպատակ ունի վերածվել քաղաքական շարժման։


«Մենք ունենք այդ իրավունքն ու սուրբ պարտքը՝ կերտելու մեր երազած երկրի ապագան, և տիրապետում ենք դրան՝ ՀՀ քաղաքացու արժանապատիվ կոչումը կրելու ուժով։


«Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և մենք մեզ պատկանող իշխանությամբ լիազորում ենք այս կամ այն կառավարությանը, որպեսզի իրավաչափ բոլորի համար ապահովի՝ բարեկեցիկ, ապահով, խաղաղ գոյակցումը մեր իսկ երկրում։ Այսօր, սակայն, ՀՀ քաղաքացուց փորձում են օտարել իր սոցիալական պարտականությունը»,- ասաց նա։


Դավիթ Մանուկյանը նշեց, թե ցանկացած քաղաքական ուժ, կուսակցություն, անհատ ում հետ իրենց մոտեցումները համընկնում են, ովքեր ընդունելի են՝ ազատ են համագործակցել իրենց հետ։ «Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մենք հրավիրել են թե՛ տարբեր նախաձեռնությունների և թե՛ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք համախմբվել են «Դեմ ենք կուտակային համակարգի ներկայիս տեսքով ներդրմանը»,- ասաց նա։


ԱԺ նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց. «Քաղաքացիական ուժերն են իշխանության տիրապետողը, իսկ քաղաքական կուսակցություններն այն ուժերն են, ովքեր ձգտում են լիազորված լինել քաղաքացիական հասարակության կողմից այդ իշխանության համար։ Ինչ վերաբերվում է խնդրին, ապա այո՛, քաղաքական է, այն լուրջ խնդիր է, և արդեն պարզ է, որ լուծելու են քաղաքացիական ուժերը, քանի որ քաղաքական ուժերը չկարողացան լուծել այն ինքնուրույն։ Կեցցե ՀՀ հպարտ քաղաքացին»,- եզրափակեց իր ելույթը ակտիվիստը։
 



15.14

Պետք չէ խրտնել «Պայքար-պայքար» կարգախոսից. Լևոն Զուրաբյանը հանրահավաքի կազմակերպիչներին


«Պայքար-պայքար մինչև վերջ» վանկարկում-«նախաբանից» հետո ելույթով հանդես եկավ ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


Երբ նրա խոսքին գրեթե համընթաց ժողովուրդը վանկարկում է «պայքար -պայքար մինչև վերջ», հանրահավաքի կազմակերպիչ ակտիվիստները արձագանքեցին իրենց հիմնական կոչով՝ «մենք ենք տերը մեր երկրի տերը» և այդ պահին Լևոն Զուրաբյանը շրջվելով կազմակերպիչների ուղղությամբ ՝ ասաց, որ պետք չէ խրտնել այդ կարգախոսից:


Լևոն Զուրաբյանը իր ելույթը սկսեց հայտարարելով՝ «ՀԱԿ-ը ողջունում է Ազատության հրապարակում կանգնած ժողովրդին», ապա ավելացրեց, որ Հայաստանում պայքարը սկսում է հենց այդ հրապարակից :


«Նախևառաջ ցանկանում եմ ողջունել այս շարժումը, որը ձևավորվել է շատ պարզ նպատակի շուրջ՝ քաղաքացու իրավունքով մերժել իշխանությունների առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների այս ռեֆորմը, որը չունի ժողովրդի վստահությունը: Հնարամիտ, ինտելեկտուալ, բարձր պատասխանատվությամբ և իրավագիտակցությամբ քաղաքացիական ակտիվություն այս հարցի շուրջ, մեծապես նպաստեց 4 ընդդիմադիր խմբակցությունների միասնականության ամրապնդմանը։


Նրա ելույթը ընդմիջվում էր «Մի-ա-ցում, միացում» նվագարկումներով: Նա ժողովրդին առաջարկեց ավելի անկաշկանդ և կոշտ ոճով խոսել և ասել ողջ ճշմարտությունը հայտարարելով, որ սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ թալան:


Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԱՄՆ-ում, Եվրոպայաում, այո՛, կան զարգացած ֆինանսական ինստիտուտներում, կապիտալի արժեթղթերի զարգացած շուկաներ, որը անբարեխղճ գործարքների համար հող չի նախապատրաստում: Ըստ նրա՝ այս իսկ պատճառով նրանք իրենց բարեխիղճ աշխատանքով վստահել են ավանդատուների վստահությունը:


«Դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ ոք չի վախենում իր գումարները կուտակել: Մեզ մոտ ի՞նչ վիճակ է, եկե՛ք կոչենք իրերն իրենց անունով: Մենք կարո՞ղ ենք վստահել պետությանը: … Հայաստանում կա՞ գոնե մեկ միամիտ, որ կարծում է, թե կուտակային կառավարիչները բարեխիղճ պրոֆեսիոնալ են, ում կարելի 20 տարով վստահել սեփական գումարները»,-հարցրեց Լևոն Զուրաբյանը:


Նա հավելեց, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք Հայաստանից եղել է 5 միլիարդ դոլարի չափով գումարների ապօրինի արտահոսք փողերի լվացման և կոռուպցիայի միջոցով։


«Եվ ի՞նչ, հիմա ուզում են, ուր հիմա վստահենք Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում օֆշորներում գործունեություն ծավալած մարդկա՞նց: Ֆիլիպինների լեգենդար դիկտատոր Մարկոսը միամիտ մանուկ է մեր հայերի համեմատած»,- նշեց նա:


Լևոն Զուրաբյանը նաև հավելեց, որ երկիրը պարզապես «վարի է գնում», մեկ էլ պարզվում է, որ ամենակարևոր հարցը կուտակային ռեֆորմն է: Նա նաև հարցրեց, թե արդյոք մոլագար չէ՞ նաև, ով հրդեհի ժամանակ կորոշի իր տունը վերանորոգել։




 



15.10


Արմատական բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է, որ և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը միավորվեն. Ռուբիկ Հակոբյան


ՀՀ քաղաքական պատմության մեջ սա բացառիկ դեպք է, երբ մեր քաղաքացիները և քաղաքացիական նախաձեռնությունները ձևավորել են օրակարգ և այդ օրակարգին միացել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ առանց բացառության: «Ազատության» հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ում ներկայացրած քաղաքական ուժը ևս մասնակցում է հանրահավաքին:


«Համոզված եմ, որ պետության մեջ արմատական բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է, որ և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում այսօր տարվող քաղաքականությունը, միավորվեն»,- հայտարարեց նա։


Ռուբիկ Հակոբյանը իր խոսքում նշեց, թե մարդիկ այս քաղաքացիական հավաքը փորձում են կապել ինչ-որ քաղաքական ուժերի, ինչ-որ անհատների հետ։


«Նրանք կա՛մ միամիտ են, կա՛մ ուզում են ազդել, որ այս հավաքը չկայանա: Այո՛, այս հավաքն ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից: Սա է այս հավաքի առավելությունը»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:







15.04

Իշխանությունները ստիպեցին մեզ ինքնակրթվել և ձևավորվել որպես ՀՀ պահանջատեր քաղաքացի


Մեր իշխանությունները իրենց անգործությամբ դրդեցին մեզ՝ ինքնակրթվել և ձևավորվել որպես ՀՀ պահանջատեր քաղաքացիներ: Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց երիտասարդ ակտիվիստ Գևորգ Գորգիսյանը և ավելացրեց.«Որպեսզի տեր կանգնենք մեր երկրի ներկային և առավել ևս՝ ապագային»:


Նրա ելույթը պարբերաբար ընդմիջվում էր «Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով:


Նա հավելեց, որ հայերի համար 20-րդ դարը սկսվել է պայքարով և ավարտվել՝ պայքարով: «Սկզբում սուլթանհամիդյան իշխանության դեմ, ապա՝ ԽՍՀՄ-ի պես կայսրությանը մարտահրավեր նետելով»,– ասաց նա։
 

Սա, ըստ բանախոսի, բխում է մեկ մտայնությունից՝ ունենալ հանդգնություն ապրել և արարել սեփական հողում, ունենալ ազատ, անկախ Հայաստան:
 

Նա իր ելույթն ավարտեց «Հա-յա-ստան» վանկարկումով:







12.56

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ գրպանահատության մասին օրենքը. Նաիրա Զոհրաբյան


Հավաքին ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «պետական ռեկետի ու գանձագողության մասին օրենքը»:


«Օրենքը բխում է իշխանության, կլանի շահերից … պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկը անկեղծորեն խոստովանեց կապ չունի դուք հավատո՞ւմ եք, որ 20, 30, 40 տարի հետո կստանաք արժանապատիվ թոշակ, թե չէ, հիմա՛ բնակիչը պետք է իր ներդրումը ունենա Հայաստանի տնտեսության մեջ: Սա բացահայտ «նալոգ» և ռեկետ կորզելու բացահայտ խոստովանություն»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


Նա հավելեց, թե ինչքան պետք է չսիրել սեփական ժողովրդին՝ նման բան ասելու համար, որ սա «ցինզիմ» կամ «դաժանություն որակելը շատ մեղմ գնահատական է:


Դիմելով առաջին շարքերում կանգնած ուսանողներից մեկին՝ Նաիրա Զոհրաբյանը կարդաց նրանց ձեռքին բռնած կարգախոսը՝«Գագիկ Հարությունյա՛ն, ապացուցի՛ր, որ չես ստել մեզ դասավանդելիս» և ավելացրեց, որ Սահմանադրական դատարանը ունի վերջին հնարավորությունը ապացուցելու, որ չի սպասարկում իշխանության շահերը:


Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ ոգևորիչ է, որ քաղաքական ուժերին ու մարդկանց համախմբում է այն գիտակցությունը, որ այսպես շարունակել չի կարելի:


Դիմելով Ազատության հրապարակում կանգնած մարդկանց՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց,որ հավաքվածների հետ միասին ստեղծելու են այնպիսի երկիր, որտեղից մարդիկ չեն փախչելու:






14.36

«Կա-սե-ցում», «հաղ- թա- նակ», «Դեմ ենք»


«Կա-սե-ցում», «Հաղ-թա-նակ», «Դեմ ենք» բացականչություններով հանրահավաքը մեկնարկեց: Կազմակերպիչներից՝ «Դ!եմ» շարժման անդամ Դավիթ Խաժակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ոչ իշխանական ուժերին ու տարբեր կազմակերպություններին, որոնք միացել են պայքարին:
 

«Մենք միացյալ ուժերով կարող ենք հասնել խնդրի լուծմանը, բացի մեզնից առաջինը ոչ մեկը չի բարձրացնելու պայքարի խնդիրը, մենք ենք այդ հարցը բարձրացրել և այն հասնելու ենք հաղթանակի»,- հայտարարեց բանախոսը՝ հավելելով, որ «Մենք երկիրը սահմանադրական դարձնելու ճանապարհին ենք»:


Ըստ նրա՝ սա պայքար է , որը հիմնված է արժանապատվության ամուր հիմքի վրա, հասարակության գիտակցված պահանջի վրա։


Նա հավելեց, որ երիտասարդները տերն են իրենց իրավունքների, որ եթե երկրում անշեղորեն պահպանվում են սահմանադրական նորմերը, ամրապնդվում է երկրի բարեկեցությունը, եթե չեն պահպանվում դրանք, ապա առաջանում է վստահության ճգնաժամ, ինչը դատարկում է մեր հայրենիքը:


«Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը՝ օրենքի, մարդն է առանցքը»,- ասաց բանախոսը:


Այնուհետև մի քաղաքացի վատ զգաց , հրավիրվեց բժիշկ։


14.22 


Հանրահավաքի մեկնարկից առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ հանրահավաքի մասնակիցներին և հետաքրքրվեց հետագա երթուղու մասին, հանրահավաքի կազմակերպիչներին հրահանգեց մասնակիցներին կոչ անել՝ երթի ընթացքում որևէ օրենք չխախտել և չսահմանափակել քաղաքացիների տեղաշարժը:


Կազմակերպիչներից Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանն ասաց, որ իրենք հետևողական կլինեն, որպեսզի որևէ կարգ չխախտվի, իսկ երթի ուղղության մասին կտեղեկացնեն առաջիկայում:


Խոսակցությունն ընդհատեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը՝ փոխոստիկանապետին խորհուրդ տալով անիմաստ չզբաղեցնել ժողովրդին:



14.15

Ազատության հրապարակում մարդիկ, որոնք եկել են Հայաստանի պետական և «Դ!եմ եմ» շարժման լոգոներով, դրոշներով, կամաց-կամաց հավաքվում են: Հնչում են ազգային, հայրենասիրական երգեր:

Ըստ որում, ուշագրավ է, որ Ազատության հրապարակ եկածների մեծ շատ են մարդիկ, որոնք ակնհայտորեն, ծնվել են 1974 թվականից առաջ:


Հիշեցնենք, որ 1974 թվականին և դրանից հետո մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները ստիպված կլինեն այս տարվա փետրվարի 1-ից կուտակել իրենց աշխատավարձի 5%-ը:
 


Ազատության հրապարակում մեկնարկեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որը կավարտվի երթով։ Հանրահավաքին, ինչպես և նախապես հայտարարվել էր, միացել են նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։



Հանրահավաքին մասնակցում են նաև որոշ արտախորհրդարանական ուժեր՝ Նախախորհրդարանը, ԱԻՄ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և այլ քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ։

 

Հիշեցնենք, որ նոր օրենքով 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով իրենց աշխատավարձի 5-10%-ը պետք է փոխանցեն կուտակային ֆոնդերի: Այս գումարները կտնօրինվեն կուտակային ֆոնդերի կողմից և թոշակի տարիքի հասնելուն պես քաղաքացիներին կտրամադրվեն որպես կենսաթոշակ՝ պետության կողմից որոշակի հավելումներով: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերի շրջանում և տեղիք տվել բողոքի տարբեր ակցիաների:


Նշենք նաև, որ վերոնշյալ 4 կուսակցությունների ԱԺ խմբակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, ինչպես նաև հանդես են եկել օրենքը կասեցնելու միջնորդությամբ՝ մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը։ ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ։