Արսեն Խառատյանը շուտով ԱՄՆ-ից կվերադառնա. Ալեն Սիմոնյանը խնդրում է չանհանգստանալ

14:12 • 18.01.14

Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանի բացակայությունը Հայաստանից տևական չէ, և նա շուտով Հայաստանում կլինի:

 


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե Արսեն Խառատյանն ԱՄՆ-ում է, մինչդեռ պայմանագրի կետերից մեկով դրա մասնակիցը պարտավորվում է երբևէ չարտագաղթել Հայաստանից, իսկ սփյուռքում բնակվող մարդու միանալը սույն պայմանագրին նշանակում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց:

 


«Արսեն Խառատյանը շատ շուտով կվերադառնա Հայաստան, մի անհանգստացե՛ք»,- ասաց Ալեն Սիմոնյանը:


Նշենք, որ օգտատեր Մենուա Հարությունյանը Facebook- ի իր էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ « Տարիներ առաջ Հրանուշ Խառատյանի որդին` Արսեն Խառատյանը, մի խումբ երիտասարդների հետ պայքարում էր, որ գիտական աստիճան ունեցող երիտասարդները չծառայեն բանակում: Ցավոք, նրանք հասան հաջողության և չծառայեցին Հայոց բանակում: Այսօր Հրանուշ Խառատյանի որդին, ով պաշտպանել է գիտական աստիճանը, գիտական աշխատանքով չի զբաղվում: Ավելին `հեռացել է Հայաստանից և ապրում է ԱՄՆ-ում, իսկ Հրանուշ Խառատյանը եթերով հայտարարում է, որ նրանք, ովքեր պաշտպանում են թեկնածուական, պետք է զբաղվեն գիտությամբ` ակնարկելով, որ Տարոն Մարգարյանը չպետք է պաշտպաներ: Ամենահետաքրքիրն այն է, որ տիկին Խառատյանը պնդում է, որ շատերը պաշտպանում են բանակից խուսափելու կամ ուղղակի կոչում ունենալու համար»:
 

 

Ի պատասխան ՝ Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ Արսեն Խառատյանը գիտական թեզ չի պաշտպանել, (նա 2008-ի «Մարտի մեկի» դեպքերից հետո իր դեմ իրականացված դաժան ծեծից հետո հեռացավ Հայաստանից ) գիտությունների թեկնածու չէ, ուստիև «Մենուայի «քնարական հերոսը» չի համապատասխանում նկարագրվածին», ապա ավելացրեց. «Արսեն Խառատյանի՝ բանակ տանելու և Հայաստանից դուրս գալու պատճառները շատ հայտնի են, դա իշխանության կողմից հաշվեհարդար տեսնելու միջոց է եղել միշտ»:

 


Ալեն Սիմոնյանն առաջարկեց, որպեսզի Մենուան գնա և իր կուսակիցների՝ հատկապես Տարոն Մարգարյանի գիտական թեզի լեգիտիմության,ինչպես նաև նրա ու իր մյուս կուսակիցների՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և մյուսների բանակ չծառայելու հարցերով զբաղվի: